Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է՝ երբ է տեղի ունենալու մոլորակների մեծ և ամբողջական շքերթներ 2025 թվականին։
Մոլորակների շքերթը աստղագիտական իրադարձության խոսակցական անվանումն է, որն իրականում կոչվում է «մոլորակների հավասարեցում»: Սա մի երևույթ է, որի ժամանակ Արեգակի միևնույն կողմում մի քանի մոլորակներ շարվում են իրար մոտ։
Կախված նրանից, թե քանի մոլորակ է շարված, տարբերում են
- մոլորակների մինի հավասարեցում (3 մոլորակ);
- փոքր հավասարեցում (4 մոլորակ);
- մեծ հավասարեցում (5-6 մոլորակ);
- մոլորակների ամբողջական շքերթ (7 մոլորակ, երբեմն գումարած Պլուտոն):
Ե՞րբ է տեղի ունենալու մոլորակների մեծ և ամբողջական շքերթները 2025 թվականին.
Հունվարի 21 – երեկոյան՝ մայրամուտից հետո, տեսանելի կլինեն 6 մոլորակներ՝ Վեներան, Մարսը, Յուպիտերը, Սատուրնը, Ուրանը և Նեպտունը։ Արևմուտքից արևելք երկնքում հայտնվելու կարգը կլինի՝ Սատուրն, Վեներա, Նեպտուն, Ուրան, Յուպիտեր և Մարս: Ուրանը և Նեպտունը դիտարկելու համար հարկավոր կլինի հեռադիտակ կամ աստղադիտակ: Մյուս մոլորակները (Վեներա, Մարս, Յուպիտեր և Սատուրն) կարելի է հեշտությամբ դիտարկել անզեն աչքով։
Փետրվարի 28- մայրամուտից հետո տեսանելի կլինեն 7 մոլորակներ՝ Մերկուրին, Վեներան, Մարսը, Յուպիտերը, Սատուրնը, Ուրանը և Նեպտունը: Արևմուտքից արևելք երկնքում հայտնվելու կարգը կլինի հետևյալը՝ Սատուրն, Մերկուրի, Նեպտուն, Վեներա, Ուրան, Յուպիտեր և Մարս:
Օգոստոսի 11 – առավոտյան միաժամանակ տեսանելի կլինեն 6 մոլորակներ՝ Մերկուրին, Վեներան, Յուպիտերը, Սատուրնը, Ուրանը և Նեպտունը:
Հետաքրքիր է, որ երկու շքերթները մեծ են մեկը ամբողջական: Նման երևույթները, ըստ աստղագետների, սովորաբար տեղի են ունենում ոչ ավելի, քան 20 տարին մեկ անգամ։ Մոլորակների ամբողջական շքերթը դիտվում է չափազանց հազվադեպ՝ մոտավորապես 170-180 տարին մեկ:
«Մոլորակների շքերթը» զուտ տեսողական իրադարձություն է, որը բացասական ազդեցություն չի ունենում Երկրի բնության կամ կենդանի էակների վրա։ Նման իրադարձությունները մեծացնում են աստղագիտության նկատմամբ հետաքրքրությունը և էլ ավելի գեղեցկացնում գիշերային երկինքը։