Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Բանտային օրագրի» հաջորդ էտապը։
«26-ը հունվարի, 2010թ., «Նուբարաշեն» ՔԿՀ
Հիմա չեմ էլ հիշում, թե «Բանտային օրագիրս» որտեղ եմ ընդհատել, և քանի գլուխ է լույս տեսել:
Ինձ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից «Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխելու ինչ-որ մեկի, ինչ-որ տեղ կայացրած որոշումը, սակայն, ստիպեց հիշել, որ կիսատ գործ ունեմ, որը դեռ ավարտին չի հասել: Հունվարի 21-ին, ժամը 15։00-ի մոտակայքում, «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի՝ մեր թիվ 20 խցի դուռը անսպասելիորեն բացվեց (խցի դուռը հաճախ չէ որ բացվում է. դրա համար լուրջ պատճառ է պետք), և ինձ հանձնվեց դրանից երկու օր առաջ դատավոր Մնացական Մարտիրոսյանի կայացրած դատավճիռը՝ ինձ յոթ տարվա ազատազրկման դատապարտելու մասին:
Միաժամանակ տեղեկացրին, որ իրերս պետք է հավաքեմ, որովհետև այլ ՔԿՀ եմ տեղափոխվում: Այս լուրը տհաճությամբ ընդունեցի. սա երևի կալանավորական սինդրոմ է՝ երբ ինչ-որ մի խցի, ասել է թե՝ միջավայրի սովորում ես, տեղափոխվելը միշտ էլ տհաճ է: Առաջին բանը, որ փորձեցի անել՝ համապատասխան օրենսդրության մեջ ինչ-որ դրույթներ գտնելու փորձն էր, որով կարգավորվում է կալանավորված անձին մի ՔԿՀ-ից մյուսը տեղափոխելու գործընթացը:
Պարզվեց, սակայն, որ այս խնդիրն ամենևին էլ կարգավորված չէ, ու մինչ մտածում էի, թե ինչպես կարող եմ հասնել ինձ այլ ՔԿՀ տեղափոխելու որոշման բեկանմանը, արկածը մեջս խաղաց: Ինչպես 2008-ի մարտի 1-ից հետո հաճախ է լինում, տեղափոխությունների անհրաժեշտության առաջ կանգնելիս, կրկին հիշեցի Հոմերոսի «Ոդիսականը»: Մեկ էլ ամերիկացի ռեժիսոր Ջիմ Ջարմուշի մի հեռուստատեսային հարցազրույց հիշեցի, որտեղ նա ասում էր, թե իր կարծիքով՝ ճանապարհորդությունը կյանքը պատկերող ամենավառ այլաբանությունն է: Շատ ավելի վառ է այլաբանությունը, երբ ճանապարհորդությունը կոչվում է «էտապ»:
«Երևան-Կենտրոն» ՔԿՀ վարչակազմի բազմաթիվ ներկայացուցիչներ դուրս էին եկել ինձ ճանապարհելու: ԱԱԾ բակի կողմից ինձ էր սպասում մի զինվորական գույնի «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենա: Նրա հետևում մի մարդատար, քաղաքացիական մեքենա կար, որի շուրջ մի քանի ավտոմատավորներ էին խմբվել: Էս կալանավորական «ՈՒԱԶ»-ը սովորական «վառանյոկ» չէր: Կալանքի ընթացքում այսպիսի մեքենա առաջին անգամ եմ տեսնում:
Ուրեմն, կալանավորի համար նախատեսված խցիկը 40×50 սանտիմետր է: Սա այն նվազագույն չափն է, որ մարդը նստած վիճակում մի կերպ տեղավորվի: Հենց այս խցիկում պետք է նստեի էտապի, այսինքն՝ տեղափոխության ընթացքում: Խցիկի դռան վրա պատուհան չկա, խցիկի մեջ լույս չկա: Այսինքն, երբ տեղավորվեցի խցիկի մեջ ու դուռը փակվեց, հայտնվեցի կատարյալ խավարի մեջ՝ ըստ էության այդ խցիկի պատերին գամված: Մի թեթև լույս ներս էր ընկնում միայն տանիքին եղած մի քանի շերտանի վանդակավոր նեղլիկ օդանցքից, որը կիսափակ էր: Երբ այդ խցիկը տեսա և հասկացա, որ հենց դրա մեջ եմ ճամփորդելու, մի պահ սառը քրտինք տվեց վրաս:
Հաջորդ պահին միայն հասկացա, որ այս ամենը իրականում զվարճալի է: Ու երբ ՔԿՀ վարչակազմի աշխատակիցները դուռը շրխկացրին, ես մթության մեջ հաճույքով արձանագրեցի, որ ժպտում եմ:
Ինչ-որ ժամանակ անց «ՈՒԱԶ»-ը կանգ առավ, և ինչ-որ խոսակցություններ լսվեցին: Հասկացա, որ հասել ենք «Նուբարաշեն» ՔԿՀ: Դռները բացվեցին, մենք մուտք գործեցինք, և ես որոշ ժամանակ անց շարունակեցի մնալ մեքենայի մեջ: Ինչ-որ ժամանակ անց դուռը բացվեց և դուրս գալով հայտնվեցի մի մուտքի առաջ, որը ավելի շատ գոմի մուտքի էր նման, քան թե որևէ մարդաբնակ տարածքի:
Դա «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ընդունարանի մուտքն էր, որով ամեն օր ներս ու դուրս են անում կալանավորներ, փաստաբաններ, ոստիկաններ, ՔԿՀ ծառայողներ, դիտորդներ և այլոք: Եվ իսկապես, «Նուբարաշեն» ՔԿՀ այս հարկաբաժինը՝ ընդունարանի մասը, մի իսկական գոմ է հիշեցնում:
Որոշ թղթեր ձևակերպելուց հետո ինձ ուղեկցեցին «բոքս». այսպես կոչվում են այն ժամանակավոր խցերը, որտեղ կալանավորները խուզարկվում են կալանավայր մուտք գործելիս, կամ այն լքելիս: Այսօրինակ «բոքսերից» մեկում մի երկար սեղան կա, որի վրա ինչ-որ մի ծածկոց է գցված: Փորձաքննությունը կարող է հաստատել, որ այդ ծածկոցը չի փոխվել մոտավորապես 1979 թվականի մայիսից. դժվար է որոշել, թե դա գործարանային ի՞նչ գույնի է եղել: Հիմա արդեն մի այնպիսի սև գույնի է, որը կարող է ստացվել միայն «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Հա, ուրեմն, ինձ առաջարկվեց հենց այդ ծածկոցի վրա դատարկել իրերս, որպեսզի դրանք խուզարկության ենթարկվեն»,-գրել է Փաշինյանը։