Բաքվի զինվորական դատարանում տեղի է ունեցել Ադրբեջանում անօրինական պահվող, օկուպացված Արցախի Հանրապետության նախկին ղեկավարների գործով «դատավարության» նախնական նիստը։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ռուբեն Վարդանյանին տրամադրվել է իր ընտրությամբ փաստաբան և ռուսերեն թարգմանիչ։
Նաև հայտնում են, որ Ռուբեն Վարդանյանն ու նրա պաշտպանը երկու միջնորդություն են ներկայացրել՝ Վարդանյանի գործը միավորել մյուս 15 գործերի հետ, տրամադրել լրացուցիչ ժամանակ՝ գործի նյութերն ուսումնասիրելու համար։
Ադրբեջանցի դատախազն առարկել է առաջին միջնորդության դեմ, երկրորդ միջնորդությունը դատարանը բավարարել է։ Ռուբեն Վարդանյանին տրամադրվել է լրացուցիչ 10 օր՝ գործի նյութերին ծանոթանալու համար։
Նշենք, որ Բաքվի բանտից հայտարարություն էր տարածել Ռուբեն Վարդանյանը՝ նշելով, որ ճնշում է գործադրվել իր, իր փաստաբանի և թարգմանչի վրա․ «Պաշտոնապես հայտարարում եմ հետևյալը. Իմ ձերբակալման առաջին օրվանից ի վեր ես ոչ մի ցուցմունք չեմ տվել, բացառությամբ առաջին հարցաքննության, որի ժամանակ ուղղակի ասել եմ իմ անուն-ազգանունը: Եվս մեկ անգամ ընդգծում եմ. իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են: Այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն: Իմ փաստաբանին և թարգմանչին ստիպել են իրենց ստորագրությունները դնել այդ փաստաթղթերի տակ»: