Բաքվի զինվորական դատարանում տեղի է ունեցել Ադրբեջանում անօրինական պահվող, օկուպացված Արցախի Հանրապետության նախկին ղեկավարների գործով «դատավարության» նախնական նիստը։
Դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ տեղի ունեցած նախնական դատալսման փուլում հայ ռազմաքաղաքական գերիներին տրամադրվել են թարգմանիչներ, փաստաբաններ։
Նշվում է, որ ապօրինի քրեական գործում ներգրավված է ավելի քան 531 հազար «տուժող և նրանց ներկայացուցիչներ»։
Հաջորդ նիստը նշանակվել է հունվարի 21-ին:
Նշենք, որ Բաքվի բանտից հայտարարություն էր տարածել Ռուբեն Վարդանյանը՝ նշելով, որ ճնշում է գործադրվել իր, իր փաստաբանի և թարգմանչի վրա․ «Պաշտոնապես հայտարարում եմ հետևյալը. Իմ ձերբակալման առաջին օրվանից ի վեր ես ոչ մի ցուցմունք չեմ տվել, բացառությամբ առաջին հարցաքննության, որի ժամանակ ուղղակի ասել եմ իմ անուն-ազգանունը: Եվս մեկ անգամ ընդգծում եմ. իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են: Այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն: Իմ փաստաբանին և թարգմանչին ստիպել են իրենց ստորագրությունները դնել այդ փաստաթղթերի տակ»: