ԲԴԽ քրեական դատարանների մամուլի խոսնակ Լիանա Ռաֆաելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հարգելի գործընկերներ, քանի որ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ՝ այսօր հրապարակել է Գարիկ Գալեյանի դատավճիռը, եվ ապակեպատ դահլիճի հակառակ կողմում այնքան էլ պարզ չի լսվել այն, տեղադրում եմ անհրաժեշտ տեղեկությունները:
Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ այսօր՝ հունվարի 17-ին, հրապարակել է ամբաստանյալ Գարիկ Գալեյանի դատավճիռ: Գարիկ Գալեյանը մեղադրվում է գործող Քրեական օրենսգրքի 396 հոդվածի 1 մասի (առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ պրեկուրսոր ապօրինի արտադրելը, պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը կամ առաքելը) և նախկին Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3 մասի 1 կետի (խուլիգանություն) հատկանիշներով։
258 հոդվածի 3-րդ մասի 1 կետով Գալեյանը դատապարտվել է ազատազրկման 1 տարի 6 ամիս ժամկետով, նոր ՔՕ-ի 396 հոդվածի 1-մասով՝ 1 տարի ազատազրկման: Հանցանքների համակցման եվ մասնակի գումարման արդյունքում նշանակվել է 2 տարի ազատազրկում, որից հաշվակցվում է անազատության մեջ գտնված 6 ամիս 21 օրը:
Գարիկ Գալեյանի նկատմամբ նախկինում կիրառված վարչական հսկողությունը փոխվել է տնային կալանքի, իսկ չբացակայելու մասին արգելքը և գրավը թողնվել են անփոփոխ»: