Սամվել Կարապետյան․ «Բոլորի համար ակնհայտ է, որ այս դատավարությունը ցուցադրական է»

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանն իր աջակցությունն է հայտնել հայ քաղբանտարկյալներին և կոչ արել միասնական ջանքեր գործադրել նրանց աջակցելու համար։ Այս մասին նշվում է ընկերությունից Iravaban.net-ին ուղարկված հաղորդագրության մեջ։

«Այսօր Բաքվում սկսվում է անցյալ տարվա սեպտեմբերին կալանավորված Լեռնային Ղարաբաղի հայերի, այդ թվում՝ նախկին նախագահների և քաղաքացիական անձանց դատավարությունը, ինչպես նաև Ռուբեն Վարդանյանի առանձին դատավարությունը: Ակնհայտ է բոլորին՝ միջազգային հանրությանը, իրավապաշտպան կազմակերպություններին, Ադրբեջանի ղեկավարությանը, ձերբակալվածների ընտանիքներին և հենց իրենց, որ այս գործընթացը ցուցադրական է:

Ստեղծված իրավիճակում մենք չենք կարող անտարբեր մնալ։ Այսօր ես ուզում եմ դիմել հանրության հնարավորինս լայն շրջանակին՝ որպես սփյուռքի անդամ, քաղաքացի, ընկեր, հայ և պարզապես հոգատար մարդ՝ արդարության կոչով։ Շուրջ 500 օր մեր հայրենակիցները գտնվում են Բաքվի բանտերում՝ զրկված պաշտպանության, հաղորդակցության և տեղեկատվության հասանելիության իրավունքից։ Նրանց նկատմամբ կիրառվում են այնպիսի մեթոդներ, որոնք խախտում են մարդու իրավունքների պաշտպանության միջազգային սկզբունքները։ Այս մարդիկ, ովքեր երկար տարիներ պաշտպանել են իրենց ժողովրդի խաղաղ կյանքի իրավունքը, այսօր իրենք ունեն մեր աջակցության և պաշտպանության կարիքը։

Կոչ եմ անում գործընթացի բոլոր մասնակիցներին ապահովել այդ մարդկանց արդարադատության օրինական իրավունքը։ Մենք հավատարիմ ենք մնում մեր հայրենակիցներին աջակցելու և դժվար պահերին նրանց կողքին լինելու ավանդույթներին։ Թող նրանց վերադարձը տուն դառնա արդարության և մարդկության հաղթանակի խորհրդանիշ»,-նշվում է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել