ԵՊՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել՝ զգոնության կոչ անելով ծնողներին․
«Հարգելի ծնողներ, եղե՛ք տեղեկացված, զգոն և կրկնակի ուշադիր ձեր երեխաների հանդեպ` ապահովելով նրանց անվտանգ մանկությունը…
…Աշխարհում ամեն տարի 950.000 երեխա է մահանում վնասվածքներից, նշեմ, որ չկանխամտածված վնասվածքները կազմում են նշված դեպքերի գրեթե 90%-ը։
Համաձայն ԱՀԿ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի մանկական վնասվածքների կանխարգելման և գնահատման համաշխարհային զեկույցի՝ ամեն տարի աշխարհում վնասվածքներից 0-18 տարեկան 950.000 երեխա է մահանում, վնասվածքների պատճառով տասնյակ միլիոնավոր երեխա դառնում է հաշմանդամ:
Չկանխամտածված վնասվածքները, որոնք կազմում են նշված դեպքերի գրեթե 90%-ը, 1-18 տարեկան երեխաների մահվան պատճառների կառուցվածքում զբաղեցնում են առաջին, իսկ տարեկան երեխաների խմբում՝ 5-րդ տեղը։ Երեխաների վնասվածքների 95%-ը գրանցվում է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում։ Տղաների շրջանում վնասվածքներն ավելի հաճախ են հանդիպում և դրանց հետևանքներն ավելի ծանր են լինում, քան աղջիկների մոտ: Վերջինս պայմանավորված է նրանով, որ տղաներն ավելի ակտիվ ֆիզիկական վարքագիծ են դրսևորում և ավելի հաճախ են մասնակցում վնասվածքների առաջացման
համար ռիսկային ժամանցային, խաղային և այլ միջոցառումներին:
Երեխաների շրջանում մահվան և ոչ մահվան ելքով վնասվածքների հիմնական մասը պայմանավորված է ճանապարհատրանսպորտային պատահարներով (ՃՏՊ), ջրահեղձությամբ,թունավորումներով, այրվածքներով և վայր ընկնելով:
ՃՏՊ-ների հետևանքով առաջացած վնասվածքներն ու ջրահեղձությունը, միասին վերցրած կազմում են մանկական վնասվածքների պատճառով երեխաների բոլոր մահվան դեպքերի 44%-ը: Ամբողջ աշխարհում միայն ՃՏՊ-ներից տարեկան ավելի քան 260,000 երեխա է մահանում։
ՃՏՊ-ը 15-19 տարեկան երեխաների և դեռահասների մահվան պատճառների կառուցվածքում զբաղեցնում են առաջին, իսկ 5-14 տարեկան երեխաների շրջանում` երկրորդ տեղը: Ըստ ԱՀԿ տվյալների, բարձր եկամուտ ունեցող երկրների համեմատ, ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում, ՃՏՊ-ից երեխաների մահանալու ռիսկը 1․6 անգամ ավելի բարձր է։
Այս առումով ռիսկի հիմնական գործոններն են՝ ճանապարհի ոչ անվտանգ նախագծումը, հեծանվային, ինքնագլորների և սկուտերների ուղիների բացակայությունը, արագությունը, ալկոհոլի օգտագործումը և անվտանգության միջոցների, նախևառաջ, մեքենաներում երեխաների համար նախատեսված հատուկ նստատեղերի, ամրագոտիների անտեսումը:
ՃՏՊ-ները և բարձրությունից ընկնելու հետ կապված վնասվածքները հաճախ բերում են նաև ուղեղի և վերջույթների վնասվածքների և, որպես հետևանք, երեխաների հաշմանդամության պատճառ դառնում։ Համաձայն ԱՀԿ տվյալների, աշխարհում տարեկան գրեթե 10 մլն երեխա վնասվածք է ստանում կամ հաշմանդամ է դառնում ՃՏՊ-ների հետևանքով: Վայր ընկնելը չկանխամտածված վնասվածքների հետևանքով առաջացած մահերի կազմում թվով երկրորդն է: Այն կազմում է երեխաների անհետաձգելի բուժօգնության հիվանդանոց դիմելու դեպքերի կեսը: Վայր ընկնելու հետևանքով առաջացած վնասվածքների ամենամեծ և ռիսկային խումբ են կազմում <1տարեկան երեխաները: Յուրաքանչյուր օր ավելի քան 1000 երեխա գլխուղեղի վնասվածքի հետևանքով հաշմանդամ է դառնում ամբողջ կյանքի ընթացքում:
Երեխաների վնասվածքների հետևանքով առաջացած մահվան ելքերի 21%-ը պայմանավորված է ջրահեղձությամբ, իսկ մահացության ամենաբարձր ցուցանիշը գրանցվում է 0-4 տարիքային խմբում:
ԱՀԿ տարածաշրջանի երկրներում չկանխամտածված վնասվածքներից երեխաների մահացության երրորդ հիմնական պատճառը թունավորումներն են։ Նշված վնասվածքներից տարեկան շուրջ 125.000 <5 տարեկան երեխա է մահանում։ Թունավորումներով պայմանավորված մահվան դեպքերի 90%-ը տեղի է ունենում տարածաշրջանի ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում: Ընդ որում, ամենից հաճախ երեխաների թունավորումը տեղի է ունենում տան պայմաններում, թունավոր նյութերի երախաների համար անհասանելի/դժվար հասանելի տեղերում չպահվելու պատճառով: Մահացու ելքով թունավորման դեպքերի մեծ մասը պայմանավորված է դեղամիջոցների, կենցաղային քիմիկատների օգտագործումով։
Միայն ամանորյա օրերին «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի ռեանիմացիոն բաժանմունքում բուժօգնություն էր ստանում քիմիական կենցաղային նյութերով թունավորված 4 երեխա, համապատասխանաբար`1 /2 դեպք/, 3, 11 տարեկան:
Այրվածքներից երեխաների մահացության ավելի քան 95%-ի պատճառը կրակից այրվածքներն են: Կրակից ստացված այրվածքներից ամեն տարի մահանում է շուրջ 260.000 երեխա: Տաք հեղուկներից կամ այլ պատճառներից առաջացած տեղային այրվածքները ևս համարվում են ոչ մահացու վնասվածքների և հաշմանդամության առաջացման տարածված պատճառ:
Համաձայն ՀՀ ԱՆ առողջապահության տեղեկատվական վերլուծական ազգային կենտրոնի 2016թ.- ի տվյալների, 0-18 տարեկան երեխաների շրջանում վնասվածքների, թունավորումների և այլ արտաքին պատճառների ազդեցության հետևանքով պայմանավորված մահացությունը նույն տարիքային խմբի մահացության ընդհանուր կառուցվածքում զբաղեցնում էր առաջին հորիզոնականը` կազմելով 22.4%, ընդ որում բոլոր տարիքային խմբերում տղաների շրջանում մահացությունը գրեթե 5 անգամ բարձր էր։
Երեխաների մոտ վնասվածքների առաջացման խնդրում էական նշանակություն ունեն նրանց անատոմիաֆիզիոլոգիական և հոգեբանական առանձնահատկությունները, ֆիզիկական և մտավոր զարգացումը, կենցաղային հմտությունների անբավարարությունը, մեծ հետաքրքրասիրությունը և այլն»,-գրել է նա։
Երեխաների վնասվածքները, հիմնականում՝ նրանց նկատմամբ անբավարար հսկման և ուշադրության հետևանք են: Մանկական կենցաղային վնասվածքների բազմազան պատճառներից կարելի է առանձնացնել ՝
- երեխայի սխալ խնամքը
- տնային կենցաղավարության կարգուկանոնի բացակայությունը
- դաստիարակության թերացումները տանը և դպրոցում, ընդհանուր օգտագործման վայրերում ճիշտ
պահվածքի բացակայությունը:
Ուստի, մանկական վնասվածքների մեծ մասը կանխարգելելի է: Կանխարգելման միջոցներնից են՝
- երեխաների նկատմամբ վերահսկողության ուժեղացումը, անվտանգ ժամանցի կազմակերպումը
- դեղորայքի և թունավոր նյութերի պահպանումը երեխաների համար անհասանելի /դժվար հասանելի տեղերում
- ճանապարհային երթևեկության կանոնների ուսուցումը երեխաներին
- երեխաներին խաղալու համար հատուկ տարածքների հատկացումը
- ճանապարհի բանուկ մասերում խաղերի և չարաճճիությունների արգելումը,
- երկարօրյա խմբերի կազմակերպումը (կրտսեր և միջին տարիքի դպրոցականների համար):