Տևական ժամանակ է՝ ՍԴ-ում շարունակվում է կասեցված մնալ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ Սահմանադրության համապատասխանության հարցը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի և լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ Iravaban.net-ի լրագրողի հարցը վերաբերում էր այն խնդրին, որ Սահմանադրական դատարանում շարունակում է կասեցված մնալ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի վարույթը, չնայած այն բանին, որ դեռևս 2023 թվականի դեկտեմբերին Վենետիկի հանձնաժողովը տվել է իր խորհրդատվական կարծիքը այս հարցի վերաբերյալ ՍԴ-ին։

Միևնույն ժամանակ, նշվեց, որ ՀՀ ԱՆ-ը 2023-2026 հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակներում ստանձնել է հանձնառություն կատարելագործել այս ինստիտուտը՝ առավելապես աշխատանքներ կատարելով 2024-2025 թթ․-ներին։ Սրան զուգահեռ, ՀՀ դատարանները շարունակում են քննել նմանատիպ գործեր և կայացնել վճիռներ։

Լրագրողի հարցին, թե ինչպես է գնահատում այն հանգամանքը, որ ՍԴ որոշումից հետո այդ վճիռները տեսականորեն կարող են հակասահմանադրական ճանաչվել, Գալյանն ասաց․ «Իրականությունն այն է, որ մասնագիտական ողջ հանրությունը և քաղաքականություն մշակող մարմինը՝ ի դեմ Արդարադատության նախարարության, սպասում է այդ որոշման կայացմանը, այսինքն՝ արդեն տևական ժամանակ է՝ ՍԴ-ն այդ որոշումը չի կայացրել, և խոսքում շատ ճիշտ նշեցիք՝ անգամ այն բանից հետո, երբ ստացվել է Վենետիկի հանձնաժողովի կարծիքը։ Մենք, ինչպես բոլորը, որպես քաղաքականություն մշակող մարմին, սպասում ենք ՍԴ որոշման կայացմանը։

Իսկ, թե ինչ կարող է տեղի ունենալ դրանից հետո, Դուք Ձեր խոսքում նշեցիք՝ չէ, որ դա կարող է հանգեցնել օրենքի կամ որոշակի դրույթի հակասահմանադրականության և դոմինոյի էֆեկտով կարող է անդրադառնալ գործերի վրա, դա է իրականությունը, այո՛, կարող է նման բան լինել, բայց առաջարկում եմ՝ գուշակություններով չզբաղվենք, կանխատեսումներ չանենք»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել