Շուրջ 1 տարի է՝ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կարգով սահմանված պարտադիր 4 նիստից որևէ մեկը չի կայացել․ նախարարը չնշեց պատճառը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի և լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ Iravaban.net-ի լրագրողի հարցին, թե որն է հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստերի ուշ նշանակման պատճառը, նախարարը ասաց՝ այդ հարցին չի կարող պատասխանել, սակայն նշեց, որ մոտ ապագայում առաջին իսկ հնարավորության դեպքում նիստը թարմացված օրակարգով կհրավիրվի։

Հարկ է նշել, որ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստերը, ըստ սահմանված կարգի, պետք է հրավիրվեն ոչ պակաս, քան 3 ամիսը մեկ անգամ։ Սակայն վերջին նիստը տեղի է ունեցել 2024 թ. փետրվարի 12-ին՝ շուրջ մեկ տարի առաջ։ Այսինքն՝ մեկ տարվա ընթացքում չորս պարտադիր նիստերից ոչ մեկը չի կայացել։ Ըստ վարչապետի 2019 թվականի հունիսի 24808-Ն որոշման՝ խորհրդի նիստերը հրավիրվում են Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նախագահի՝ ՀՀ վարչապետի կողմից, իսկ կազմակերպատեխնիկական աշխատանքների իրականացումն ապահովում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչությունը։

Ընդգծենք, որ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի գործունեությունն առանցքային նշանակություն ունի երկրի հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման տեսանկյունից։ Խորհուրդն է քննարկում հակակոռուպցիոն ռազմավարությունը, դրա հիման վրա մշակված ոլորտային ծրագրերը, միջազգային պարտավորություններից բխող միջոցառումները և դրանց կատարողականները։

Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի գործունեությունը կարևոր է հակակոռուպցիոն ռազմավարությանը վերաբերող մի շարք խնդիրների լուծման համար։ Եվ հարկ է ընդգծել, որ տարվա ընթացքում սահմանված կարգով նիստեր չնշանակելն ու օրենսդրական կարգավորումներին պատշաճ կերպով չհետևելը չի բխում պետության հակակոռուպցիոն քաղաքականության շահերից։

Հիշեցնենք, որ խորհրդի գործունեությունն իրականացվում է նիստերի միջոցով, և յուրաքանչյուր նիստի ավարտից հետո եռօրյա ժամկետում նիստի ընթացքում քննարկված հարցերի վերաբերյալ տեղեկատվությունը պետք է հրապարակվի համապատասխան հարթակներում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել