Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություն էր ստացվել, որ սեպտեմբերի 25-ին Մազմանյան փողոցի բնակիչ 57-ամյա մի տղամարդ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Շրջանային փողոցում փորձել է առևանգել երկու անչափահասի։
«Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և կազմված փաստաթղթերով ներկայացվել է քննչական բաժին: Ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք»։
Քննչական կոմիտեից Iravaban.net-ին հայտնել էին, որ 57-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 44-191-րդ հոդվածի երկրորդ մասի երրորդ կետով, (Անչափահասին առևանգելու փորձը) և որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։
Այսօր՝ հունվարի 13-ին, Iravaban.net-ի հարցմանն ի պատասխան Քննչական կոմիտեից հայտնեցին, որ Սարգիս Ք․-ի կողմից առերեւույթ անձի առեւանգում կատարելու դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում 2024 թվականի սեպտեմբերի 27–ին Քրեական օրենսգրքի 44-191–րդ հոդվածի 2–րդ մասի 3–րդ կետի հատկանիշներով (Հանցափորձը՝ անչափահասին առևանգելը) նախաձեռնված քրեական վարույթով իրականացվել են համապատասխան ապացուցողական եւ վարութային գործողություններ: Վերջինիս նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-191–րդ հոդվածի 2–րդ մասի 3–րդ կետով եւ որպես խափանման միջոց ընտրվել է վարչական հսկողությունը։
Նախաքննությունը շարունակվում է։