Կացնով հարձակվել է ոստիկանության ծառայողների վրա․ պարեկի կրակոցից մահացել է

2023 թվականի մարտի 13-ին Հրազդան քաղաքում տեղի ունեցավ դեպք, որն առաջին անգամ էր՝ պարեկի արձակած կրակոցի հետևանքով անձը մահացավ։ Սպանվածի նկատմամբ հարուցվել է քրեական գործ։

Iravaban.net-ը «Դատալեքս» դատական տեղակատվական համակարգից դեպքի վերաբերյալ նոր մանրամասներ է ներկայացնում։

Ըստ մեղադրական եզրակացության՝ անչափահաս աղջիկը ահազանգել է ոստիկանություն և ասել, որ իրենց խորդանոց-անասնագոմից ձայներ է լսել։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության ծառայողներ։ Նրանցից մեկը մոտեցել է նշված շինության դռանը և հասկանալով, որ ներում մարդ կա՝ ձայն է տվել մյուս աշխատակիցներին։ Ոստիկանները պահանջել են, որ ներսում գտնվող անձը դուրս գա թաքստոցից։ Պարեկներից մեկն էլ ասել է, որ կտրուկ շարժման դեպքում կկրակի, միաժամանակ գոտկատեղին ամրացված պատյանից դուրս հանելով իրեն ամրակցված հաշվեցուցակային «GLOCK» տեսակի ատրճանակը, մոտեցել է խորդանոցի դռանը՝ ներս մտնելու նպատակով:  Ս․ Թ․-ն, ով այդ պահին գտնվել է ներսում, չի ենթարկվել ոստիկանության օրինական պահանջին և ներսում գտնվող ջրի ծորակը նետել է այդ ընթացքում խորդանոցի դռնից ներս մտնել ցանկացող պարեկի ուղղությամբ։ Ապա  Ս․ Թ․-ն վերցրել է կացին և պարկ։ Պարկով փակել է դեմքը, մի ձեռքով բռնել է կանցինը և  հարձակվել ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ՝ ցանկանալով կացնով հարվածել նրանց։ Ոստիկանության երեք աշխատակցի հաջողվել է մի կողմ քաշվել և խուսափել կացնի հարվածներից։ Պարեկներից մեկը՝ Ա․Վ․-ն գտնվել է  Ս․ Թ․-ի դիմաց։ Նա հետ-հետ գնալով հայտնվել է բակից դեպի խորդանոց տանող նեղ ճանապահին, որի ընթացքում  Ս․ Թ․-ն շարունակել է հարձակումը Ա․ Վ․-ի ուղղությամբ՝ ցանկանալով կացնահարել նրան:

Պարեկը իրեն ամրակցված ատճանակից կրակոց է արձակել, կրակված գնդակը դիպել է կացնի բռնակին, սակայն նշված կրակոցն անտեսելով, Ս․ Թ․-ն շարունակել է մոտ տարածությունից, վերից վար և աջից ձախ կացինը թափահալելով՝ հարձակումը Ալբերտ Վարդանյանի ուղղությամբ, այդ կերպ՝ իրական սպառնալիք ստեղծելով Ա․ Վ․-ի կյանքի և առողջության համար:

Ա․ Վ․-ն գիտակցելով, որ կացնով հարված ստանալն անխուսափելի է և իր կյանքն ու առողջությունը Ս․ Թ․-ի հակաիրավական ոտնձգությունից պաշտպանելու նպատակով, հետ-հետ գնալով, իրեն ամրակցված «GLOCK» տեսակի ատրճանակից կրակոց է արձակել Ս․ Թ․-ի ուղղությամբ, ով հրազենային վիրավորում ստանալով կրկին շարունակել է հարձակումը, ինչին հաջորդել է Ա․ Վ․-ի կողմից ևս մեկ կրակոցի արձակումը նրա ուղղությամբ: Երկրորդ կրակոցից հետո Ս․ Թ․-ն ստացած երկու հրազենային վիրավորումներից վայր է ընկել։

Ոստիկանության ծառայողները մոտեցել են Ս․ Թ․-ին ձեռքից վերցրել են կացինը և ձեռքերին հագցրել ձեռնաշղթաներ, այդ ընթացքում պարզել են նաև անձի ինքնությունը։ Որոշ ժամանակ անց նկատել են, որ Ս․Թ․-ն որովայնի շրջանում ունի վնասվածք: Անմիջապես հրավիրվել է շտապօգնության խումբ և Ս․Թ․-ն տեղափոխվել է «Հրազդան բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն, որտեղ էլ մահացել է:

Գործը դատարան է ստացվել 2024 թվականի հունիսի 11-ին և մակագրվել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Վարոսյանին։

Ս․Թ․-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 44-254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (Գողությունը, որը կատարվել է տեխնիկական միջոցի, հատուկ հարմարեցված սարքավորման կամ այլ առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ այլ եղանակով գույքի պաշտպանության կամ պահպանման համար նախատեսված սարքավորումը, համակարգը, կառույցը կամ այլ միջոցը ոչնչացնելով, վնասելով կամ շրջանցելով) և 452-րդ հոդվածի 1-ին մասին հատկանիշներով (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքը)։ 

Նշվում է, որ Ս․Թ․-ն նախկինում դատապարտված է եղել։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել