ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մանրամասներ է հայտնել ԱԺ ՔՊ խմբակցության նախկին պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ միջադեպից․ «Մեղավոր եմ, որ ժամանակին միջնորդել եմ, որ Հակոբ Ասլանյանը միանա մեր քաղաքական թիմին։ Ասլանյանի հետ խոսել եմ վերջինիս կողմից ՔՊ խմբակցությանն իր անդամակցությունը սառեցնելու հայտարարությունից հետո։
Իմ և իր բանավոր խոսակցության ընթացքում ես այդ տեքստը գրել և ուղարկել եմ իրեն, բայց դա իմ տեքստը չէ, իրենն է»,- ասել է նա՝ հավելելով, որ չէր կարող անտարբեր մնալ կատարվածին։
Ըստ Հայրապետյանի, Ասլանյանը, որը տարածել էր իրենց զրույցի էկրանապատկերը, ասել է, թե տեխնոլոգիաներին չի տիրապետում, և չի կարողացել տեքստը պատճենել, ուստի նկարի տեսքով է այն տարածել․
«Ես պատասխանատվության զգացում ունեմ ութ տարի առաջ կայացված որոշման համար։ Մենք պարտավոր ենք լրջորեն ու պատասխանատվությամբ մոտենալ նաև մեր՝ նախկինում կայացրած որոշումներին։ Միջնորդելու, երաշխավորելու ինստիտուտն ինձ համար լուրջ ինստիտուտ է»։
Նա նաև ասել է. «Թե որքանով էր անկեղծ իր կողմից այդ երկխոսությունը, խնդրանքը, թե որքանով էր պատահաբար տեքստի փոխարեն սքրինշոթ անելը և հրապարակելը, որքանով էր ուզել ինձ վնասել, ես այդ ամենը թողնում եմ անորոշությանը, ինձ ընդհանարպես դա չի հետաքրքրում»։