Գլխավորի դատախազի տեղակալի թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով հայտարարված մրցույթին բավարարվել է երկու հայտ՝ Էդգար Արսենյանինը և Գևորգ Քոչարյանինը: Այս մասին Iravaban.net-ին հայտնում են Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։
Նշենք, որ Գլխավոր դատախազի տեղակալը պետք է համակարգի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը։ Ոլորտը համակարգող Գլխավոր դատախազի նախկին տեղակալը Սրբուհի Գալյանն էր, որը նոյեմբերի 5-ին նշանակվեց Արդարադատության նախարար։
Այժմ Էդգար Արսենյանն զբաղեցնում է դատախազության հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի պաշտոնը, իսկ Գևորգ Քոչարյանը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ավագ դատախազ է:
Մրցույթն անցկացվելու է դիմումների ընդունման վերջնաժամկետից հետո մեկամսյա ժամկետում, այսինքն՝ մինչև այս տարվա հունվարի 25-ը:
Հիշեցնենք՝ 2024 թվականի դեկտեմբերի երկրորդ կեսին Iravaban.net-ը նախնական փուլում գրավոր հարցումներ է ուղարկվել Գլխավոր դատախազին, Հակակոռուպցիոն դատարանի, Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի և Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահներին: Նրանց առաջարկվել է տրամադրել տեղեկություն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով կատարված ուսումնասիրությունների, դատարան ներկայացված հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունների, հայցադիմումների, դրանց ընդհանուր հանրագումարային արժեքի և կնքված հաշտության համաձայնությունների վերաբերյալ:
Ուսումնասիրությանը ընդգրկել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության բոլոր 13 դատախազներին, Հակակոռուպցիոն դատարանի 5 դատավորներին, Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 6 դատավորներին և Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի 5 դատավորներին:
Կատարվել է նաև հակակոռուպցիոն համակարգի դատախազների և դատավորների վարկանիշների վերաբերյալ վերլուծություն։ Դատախազների հնգյակը գլխավորել է վարչության ավագ դատախազ Գևորգ Քոչարյանը՝ 8.89 միավորով: Նրա գնահատականը հատկանշական է նրանով, որ հիմնված է ամենամեծ թվով՝ 14 մասնագետների կարծիքի վրա (11 փաստաբան և 3 դատավոր): Երկրորդ տեղում է դատախազ Համլետ Հարությունյանը՝ 8.65 միավորով՝ ութ գնահատողով (հինգ փաստաբան և երեք դատավոր): Երրորդ հորիզոնականում է Նելլի Տեր-Թորոսյանը՝ 8.52 միավորով՝ ինը գնահատողով (վեց փաստաբան և երեք դատավոր): Չորրորդ տեղում է Արտաշես Հարությունյանը՝ 8.50 միավորով՝ նույնպես ինը գնահատողով (վեց փաստաբան և երեք դատավոր), հնգյակը եզրափակում է Ռուզաննա Խուդավերդյանը՝ 8.35 միավորով՝ ութ գնահատողով (հինգ փաստաբան և երեք դատավոր):
Ավելին՝ այստեղ։