Սպարապետ Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի մասին հիշատակելուց զգույշ եղեք, որպեսզի հետո սեփական ստի բեռի տակ չմնաք։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԵԿՄ վարչությունը։
Նշենք, որ վարչության հայտարարությունը վերաբերում է Պարույր Հայրիկյանին վերջերս հրապարակված տեսանյութին, նրա անունը հայտարարությունում փոքրատառերով է գրված եղել, որը Iravaban.net-ի խմբագրության կողմից ուղղվել է։
«Վերջերս համացանցում տարածում գտավ Պարույր Հայրիկյանի տեսասելֆին, որը վերաբերվում է մեր նորագույն պատմության ամենահեղինակավոր պետական և ազգային գործիչներին ՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանին և Կարեն Դեմիրճյանին։ Հայրիկյանը ավելորդ էր համարում Ազգային հերոսներ` Սպարապետ Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի մեծարումը, մասնավորապես նրանց կերպարների արժևորումը որպես բացարձակ արժեք, որոնց ազգային և պետականամետ գործունեությունը դնում է կասկածի տակ։
Տարիները չհասունացրին Պարույր Հայրիկյանին որպես մտածողի, մտավորականի, քաղաքական գործչի։ Նա մարտիրոսացած անունների հետ կռիվ տալով դեռ նույն 90-ականների Պարույր Հայրիկյանն է, խորհրդային բանտերի ազդեցությամբ դաստիարակված։ Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը մեր ժամանակների բարոյական, հանճարեղ, հայրենանվեր գործիչներ են: Դրա ապացույցը իրենց թողած հսկայական ժառանգությունն է՝ Վազգենինը ազատագրված Արցախը, ամուր սահմանները, ուժեղ բանակը, երկրապահը, բարձրարժեք գրականությունը, Դեմիրճյանինը՝ երկրի շենացումը, գիտության, արվեստների և տնտեսության զարգացումը: Իրենց գործունեության արդյունքում չկա ոչ մի պատմական փաստ, որտեղ նրանք չդրսևորեն օրինակելի, տաղանդավոր գործչի կերպար։
Իզուր չէր, որ ժողովուրդը Վազգենին կենդանության օրոք տվեց Սպարապետ կոչումը: Նույնիսկ քաղաքական հակառակորդները նրան մեղադրում էին ծայրահեղ ազգապաշտության մեջ, որը իր հրապարակումներում մերժում էր Վազգենը։ Հայրիկյանի տեսասելֆին նման է չստացված գործչի չարացած, նախանձկոտ բամբասանքի, ով կարծես ոչնչացումից փրկություն է փնտրում՝ պատմական հերոսների ստվերների հետ կռիվ տալով։ Այս գործելաոճը նոր չէ՝ հայտնի Հայրիկյանի բամբասանքը Զորավար Անդրանիկի մասին. միևնույնն է քաղաքական գործիչների գնահատականը տալիս է ժողովուրդը, որին դու այդպես էլ չարժանացար: Երկրապահ կամավորականների միության վարչությունը նման անհեթեթ հրապարակումների չէր անդրադառնա, եթե արդյունքում այսպիսի բամբասանքները մեծ տարածում չգտնեին։
ԵԿՄ վարչությունը դատապարտում է նման անհեթեթ հրապարակումները և կոչ անում բոլորին, որ մեր հերոսների, առավել ևս Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի մասին հիշատակելուց զգույշ լինեն, որպեսզի հետո սեփական ստի բեռի տակ չմնան: Դուք վարպետ եք սուտը արվեստորեն ճիշտ մատուցելու, բայց ձեր խոսքը միայն սուտ ու կեղծիք է»,-նշվում է հայտարարության մեջ: