ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականին հունվար ամսին մաքսային մարմնում տրվելու է «Ծանուցման» էլեկտրոնային համակարգի ամբողջական մեկնարկը, ինչը նշանակում է, որ ապրանքների հայտարարագրերի սպասարկումն իրականացվելու է հեռավար եղանակով` նվազագույնի հասցնելով մաքսային ծառայող-հայտարարատու շփումը:
Այլ կերպ ասած` ապրանքների հայտարարագիրը ներկայացվելուց հետո այլևս անհրաժեշտ չէ, որպեսզի հայտարարատուն կամ վերջինիս ներկայացուցիչը այցելի մաքսային սպասարկման սրահ: Փոխարենը` ապրանքների հայտարարագիրը ներկայացվելուն պես, մաքսային ծառայողը ինքնաշխատ համակարգի միջոցով անմիջապես ստանալու է էլեկտրոնային ծանուցում` հայտարարագրի ներկայացված լինելու վերաբերյալ, իրականացնելու է անհրաժեշտ մաքսային գործառնությունները, որից հետո ապրանքների բացթողնման վերաբերյալ հայտարարատուն կամ վերջինիս ներկայացուցիչը էլեկտրոնային եղանակով ստանալու են ծանուցում:
Միաժամանակ, ապրանքների հայտարարագրի գծով իրականացվող մաքսային գործառնությունների ժամանակ լրացուցիչ փաստաթղթերի կամ տեղեկությունների ճշտման անհրաժեշտության դեպքում, մաքսային ծառայողները հայտարարատուների հետ նույնպես շփվելու են տվյալ էլեկտրոնային համակարգի միջոցով:
«Ծանուցման» էլեկտրոնային համակարգին անցումը լինելու է փուլային եղանակով: Տեղեկացվում է, որ առաջին փուլով` 2025 թվականի հունվարի 3-ից, «Զվարթնոց» օդանավակայանով (այդ թվում` «Կարգո» բեռնային համալիրով), ինչպես նաև փոստային կամ սուրհանդակային ծառայություններ մատուցող կազմակերպությունների միջոցով ժամանող և մեկնող բեռների գծով ներկայացված ապրանքների հայտարարագրերի (մաքսային մարմնի ծածկագիր` 05100011) սպասարկումն իրականացվելու է նշված համակարգի միջոցով, իսկ մինչև 2025 թվականի հունվար ամսվա ավարտը նշված համակարգին անցում են կատարելու նաև Երևանում, Գյումրիում, Վանաձորում և Սիսիանում գտնվող մաքսային մարմինները, որի վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացվի:
Հաշվի առնելով նշվածը` Կոմիտեն խնդրում է 2025 թվականի հունվարի 3-ից ապրանքների հայտարարագիր ներկայացնելուց հետո չայցելել «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրում գտնվող մաքսային սպասարկման սրահ և հետևել էլեկտրոնային համակարգով ուղարկվող ծանուցումներին: Բացի այդ, նպատակ ունենալով ապրանքների հայտարարագրի գրանցումից հետո արագացնել բացթողնման գործընթացը` Կոմիտեն հորդորում է, նախքան ապրանքների հայտարարագրի գրանցումը, վճարել և «90009» դասակարգչի ներքո կցել տվյալ հայտարարագրի շրջանակներում առաջացած պարտավորությունների (հարկերի, տուրքերի և այլ վճարների) վճարումը հիմնավորող փաստաթղթերը: