Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Ռաֆայելի Եգանյանը:
Հորեղբայրը՝ Գագիկ Եգանյանը գրել է․ «Լուսավոր երկնային ասուպի նման կարճատև երկրային կյանքից հեռացավ սիրելի եղբորս առաջնեկ որդին, բոլորիս շատ սիրելի Տիգրանը` անսահման վշտի մեջ թողնելով ծնողներին, իր ընտանիքի անդամներին, եղբորը և սգակիր հարազատներին։
Ձայնակցելով սուրբ Ներսես Շնորհալուն խնդրում եմ Աստծո միածին Որդուն.
Լույս ճշմարիտ Քրիստոս, արժանավորիր սիրելի Տիգրանի հոգուն ուրախությամբ տեսնել Քո փառքի լույսը և բարիքների հույսով հանգչել արդարների օթևաններում մինչև Քո գալստյան մեծ Օրը»։
Տիգրան Եգանյանը մահացել է դեկտեմբերի 21-ին Մյունխենի հիվանդանոցում։
Ծնվել է 1978թ. փետրվարի 7-ին Երեւանում:
1999թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը:
1999-2002թթ. սովորել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ասպիրանտուրայում:
2002թ. պաշտպանել է գիտական թեզ եւ ստացել տնտեսագիտական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
2000թ. աշխատել է «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ում որպես ավագ տնտեսագետ:
2000-2003թթ. աշխատել է ՀՀ կառավարության աշխատակազմում որպես առաջին կարգի մասնագետ, այնուհետեւ` առաջատար մասնագետ:
2003-2005թթ.` ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական:
2005թ. ԱԺ պատգամավոր է ընտրվել ՕԵԿ համամասնական ընտրացուցակով:
Մինչեւ 2006թ. մայիսի 22-ը` ՕԵԿ եւ ՕԵ խմբակցության անդամ:
2006թ. մայիսի 25-ից` «Գործարար» պատգամավորական խմբի անդամ: Անկուսակցական:
Աժ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:
Ամուսնացած է, ունի երկու երեխա: