ՀԿ-ն ահազանգեր է ստանում, որ ուսուցիչներն առանց գրավոր համաձայնության և առանց վճարման մասին որևէ ծանուցման են կանչվել դպրոցներ․ հայտարարություն

«Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ն ահազանգեր է ստանում, որ ՀՀ դպրոցական առարկայական օլիմպիադայի անցկացման նպատակով հանրակրթական դպրոցների ուսուցիչներն առանց գրավոր համաձայնության և առանց վճարման մասին որևէ ծանուցման են կանչվել դպրոցներ 21.12.2024 թ-ին՝ շաբաթ օրը:

«21.12.2024 թ.-ին անցկացվել է մաթեմատիկայի առարկայական օլիմպիադան:

Նկատի ունենալով այս ահազանգերը՝ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ն դիմել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ղեկավարությանը:

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա արձագանքելով «Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ի հարցմանը՝ տարածել է հետևյալ պարզաբանող հայտարարությունը. «Հանգստյան և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքը, եթե այն նախատեսված չէ աշխատանքի ժամանակացույցով, վարձատրվում է:

Վարձատրությունը կատարվում է կողմերի համաձայնությամբ ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով, կամ աշխատողին մեկ ամսվա ընթացքում տրամադրվում է վճարովի այլ հանգստյան օր, կամ այդ օրը ավելացվում է ամենամյա արձակուրդին:

Եթե ձեզ ներգրավում են աշխատանքի առանց ձեր գրավոր համաձայնության և համապատասխան վճարման, ապա խախտվում են ձեր աշխատանքային իրավունքները: Հիշեք՝ աշխատանքը պետք է լինի արժանապատիվ և օրենքով պաշտպանված»:

«Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ն ՀՀ դպրոցականների առարկայական օլիմպիադաների անցկացման կարգը սահմանող ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հրապարակավ պահանջում է ոչ աշխատանքային օրերին ուսուցիչներին աշխատանքի ներգրավելիս հետևել ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջներին»,-նշվում է ՀԿ-ի հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել