Համաձայն ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված տեղեկատվության՝ դեկտեմբերի 21-ի երեկոյան Սպիտակ և Տաշիր քաղաքների բժշկական կենտրոն են ընդունվել 10 քաղաքացի՝ սննդային թունավորում նախնական ախտորոշմամբ։ Այս մասին հաղորդում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։
«Ստացված ահազանգին արագ արձագանքել են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները:
Անմիջապես սկսված վերահսկողական միջոցառումներով պարզվել է, որ տուժած քաղաքացիները սնվել են Վանաձորի կենտրոնական շուկայի տարածքում գործող անհատ ձեռնարկատեր Ռուդիկ Ալավերդյանին պատկանող հանրային սննդի կետում:
Առկա սննդամթերքից վերցվել են նմուշներ և տրվել լաբորատոր փորձաքննության:
Վերահսկողության ընթացքում պարզվել է նաև, որ սույն օբյեկտն աշխատում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով:
Հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը կասեցվել է: Լաբորատոր փորձաքննության արդյունքների մասին կհրապարակվի լրացուցիչ»,- ասված է ՍԱՏՄ հաղորդագրությունում: