«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է կրճատել աշխատաժամանակի տևողությունը՝ դարձնելով օրական 8-ից 7 ժամ, շաբաթական՝ 40-ից 35՝ պահպանելով աշխատավարձը։
Վերոգրյալով պայմանավորված՝ ««Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մաuին» oրենքի նախագծով վերանայվում են ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերը։ 8-ժամյա աշխատանքային օրվա անցումը եղել է դեռևս 19-րդ դարի կեսերին՝ աշխատանքային շարժման պահանջով։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նման նախագիծ է ներկայացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
«Օրական 8-ժամյա աշխատանքի մոդելի ներդրումից հետո տեղի ունեցած տեխնոլոգիական փոփոխությունները նպաստել են բազմաթիվ գործընթացների ավտոմատացման։ Այս գործընթացները հաշվի առնելով՝ տարբեր երկրներում (օրինակ, Ֆրանսիա, Գերմանիա, Շվեդիա, Բելգիա, Ավստրիա, Նորվեգիա, Իսլանդիա) արդեն իսկ ներդրվել է աշխատաժամանակի ճկուն ռեժիմ՝ կրճատելով աշխատաժամանակը։
Աշխատաժամանակի կրճատումն ունի տարբեր մոդելներ։ Մի խումբ երկրներում աշխատանքային օրվա տևողության կրճատմամբ է, որոշներում՝ շաբաթական աշխատանքային օրերի քանակի կրճատմամբ։ Միջազգային փորձը և առանձին հետազոտությունները ցույց են տալիս, որ շաբաթական աշխատաժամանակի կրճատումը բացասաբար չի ազդում տնտեսության վրա, ավելին՝ այն նպաստում է արտադրողականության աճին և դրական ազդեցություն թողնում կյանքի որակի վրա՝ բալանսավորելով աշխատանք-անձնական կյանք (work-life balance) հարաբերակցությունը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրապարակել է ուսումնասիրություններ, որոնք ցույց են տալիս, որ երկար աշխատանքային ժամերը կապված են հոգեկան ու ֆիզիկական առողջության հետ, կարող են առաջացնել սրտանոթային հիվանդություններ, խթանել դեպրեսիան ու սթրեսը (WHO study on long working hours)։
Ըստ տնտեսագիտական հետազոտությունների, աշխատանքային ժամերի կրճատումը կարող է բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը՝ աշխատողների ավելի արդյունավետ աշխատանքի միջոցով։ Այն նաև կարող է ստեղծել նոր աշխատատեղեր՝ որպես ընդհանուր տնտեսական միտում (EPI Report on Reduced Workweek)»,-նշում են նախարարությունից։
Նշվում է՝ նախագծի ընդունման պարագայում թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածում կստեղծվեն նոր աշխատատեղեր և կավելանան հաստիքները, որը կարող է հանգեցնել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացմանը, որոնց մասով հստակ գնահատական տալ հնարավոր չէ։