Հոկտեմբերի 27-ին Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել Կաքավաձոր գյուղի բնակիչ 34-ամյա մի կին և հայտնել, որ բնակարանից անհետացել է 90 հազար դրամ: Հայտնել էր նաև, որ նախկինում ևս բնակարանից անհետացել է 1000 դոլար, ինչի վերաբերյալ ոստիկանություն չի դիմել:
Համայնքային ոստիկանության Թալինի բաժին հրավիրված կաքավաձորցի կինը հաղորդում էր տվել, որ հոկտեմբերի 25-ի ժամը 17.30-ից հոկտեմբերի 27-ի ժամը 10-ն ընկած ժամանակահատվածում իրեն անհայտ հանգամանքներում ննջասենյակի պահարանից անհետացել է 80 հազար դրամ: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել էին Թալինի քննչական բաժին: Գողության փաստով քրեական վարույթ էր նախաձեռնվել: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Արագածոտնի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է հաղորդում տված կինը: Նա ներկայացվել է Թալինի քննչական բաժին և տվել ինքնախոստովանական ցուցմունք, որ հոկտեմբերի 24-ին իրենց տան ննջասենյակի պահարանից վերցրել է 80 հազար դրամ և շրջիկ առևտրականներից գնել տարբեր իրեր, իսկ հետագայում իր վրա չկասկածելու նպատակով զանգել է ոստիկանություն և հայտնել տնից գողության մասին:
Պարզվել է, որ 1000 դոլարի գողությունը նույնպես նա էր կատարել, ինչի մասին ևս տվել է ինքնախոստովանական ցուցմունք: Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: