ՀԱՊՀ-ն համարվել է «կայուն և կանաչ» համալսարան․ ամփոփվեց ՏԿԵՆ ծրագիրը

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, ՏԿԵՆ Հայաստանի վերականգնող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը ՀՀ ՏԿԵ նախարարության և Կայուն զարգացման եվրասիական հիմնադրամի աջակցությամբ սեպտեմբերից դեկտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ մարզերում և Երևանում իրականացրեցին «Էներգաարդյունավետ տարածաշրջաններ. հանրային շենքերում էներգախնայողության բարձրացման մեխանիզմների կիրառում և «կանաչ էներգիայի» զարգացման աջակցություն» ծրագիրը։

Ծրագրի նպատակն է բարձրացնել էներգաարդյունավետությունը՝ խթանելով էներգիայի խնայողությունը և ջերմոցային գազերի արտանետումների կրճատումը։

ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը ողջունելով ներկաներին և խոսելով ծրագրերի մասին՝ նշեց, որ այն կարևոր է հանրության տարբեր շերտերի ուշադրությունը կոնսոլիդացնելու, տարբեր կողմերով նրանց գիտելիքները և կարողությունները զարգացնելու համար։

«ՀԱՊՀ-ն լինելով տեխնոլոգիական-կրթական հաստատություն՝ ունի առաքելություն առաջին հերթին հանրակրթության, բարձրագույն մասնագիտական կրթության, շարունակական կրթության և իրազեկման ուղղությամբ մասնագիտական դրսևորումներ ցուցաբերել, և այս ծրագիրն այդ մասնագիտական դրսևորումների արտահայտման ձևն է։ Պատական չեն ընտրված 3 մարզերը՝ Սյունիքը, Լոռին և Շիրակը, որովհետև այս 3 մարզերում պոլիտեխնիկական համալսարանն իրականցնում է կրթական առաքելություն»,-ասաց ռեկտորը։

Նրա խոսքով՝ այսպիսի ծրագրերը պետք է շարունակական  լինեն, և մշտապես մասնագիտական խմբերի ուշադրության կենտրոնում։ ՀԱՊՀ-ն համարվել է «կայուն և կանաչ» համալսարան, Հայաստանի մակարդակով անցյալ տարի երկրորդ տեղն է զբաղեցրել, իսկ այս տարի՝ արդեն 1-ին՝ բարելավելով իր տեղը նախորդ տարիների համեմատ։

Հայաստանի վերականգնող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանն ևս իր ելույթում ընդգծեց նմանատիպ ծրագրերի կարևորությունը։

«Շուրջ 12 հանրային շենք է ներգրավված եղել այս ծրագրում և իրականացրել ենք այն առաջնային միջոցառումները, որոնք բերել են առավելագույն էներգախնայողության, ու այս ծրագրի շրջանակներում առաջին տեղում է հենց ՀԱՊՀ-ն, որի հետ կարճ ժամանակահատվածում իրականացրել ենք 3 ծրագիր, ընդհանուր ներդրումը համալսարանի ինչպես այստեղ, այնպես էլ Գյումրիում կազմել է շուրջ 700 հազար դոլար»,-նշեց նա։

Տեղի ունեցավ նաև մասնակիցների հավաստագրերի հանդիսավոր արարողություն․ ՀԱՊՀ ռեկտորն այդպիսով իր շնորհակալությունը հայտնեց ծրագրին ներգրավելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել