Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը և ներկայիս քաղաքապետ Տիգրան Ավինյանը Factor tv-ի ուղիղ եթերում բանավիճում են տրանսպորտային նոր համակարգի ներդրման, գնային փոփոխությունների, քաղաքացիներին մտահոգող այլ խնդիրների մասին։
Մարությանն իր խոսքում պնդեց, որ 100 դրամը բավարար է երևանցիներին տրանսպորտային լավագույն համակարգով ապահովելու համար։
«Այսօր իշխանությունները պնդում են, որ դա հնարավոր չէ, քանի որ չեն կարողանում ճիշտ կառավարել, դա արդեն ցույց տվեց մի ռեֆորմ, որն արեցին վերջերս։ Դա կարմիր գծերի ռեֆորմն էր, իրենք թանկացրեցին կարմիր գծերը՝ ասելով, որ դա կտա լավ էֆեկտ և մեքենաների հոսքը կքչանա։
Մենք նաև հաշվարկներով ցույց տվեցինք, որ դա չի աշխատելու, մեզ ոչ ոք չլսեց, իրենք դա արեցին, և տեսնում ենք՝ ինչ է կատարվում հիմա։ 100 դրամի տեղը, երբ մարդիկ վճարում էին կայանման համար, հիմա վճարում են 300 դրամ, տարեկան 12 հազարը դարձավ 160 հազար դրամ, բայց դրանից խցանումները չքչացան, ասեմ ավելին՝ խցանումներն ավելացել են։
Սա ցույց է տալիս՝ գործող իշխանությունը չգիտի՝ ինչ է անում, իր որոշումները կայացնում է առանց ոչ մի հաշվարկի»,-նշեց նա։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր հերթին հակադարձեց Հայկ Մարությանին՝ ասելով, որ տրանսպորտի հետ կապված որևէ տեսակի փոփոխության հարցում շատ բան ուներ ասած նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։
Նա մեջբերեց Մարությանի հետևյալը խոսքերը․ «Շատ զավեշտալի է իրականում, որ 2013 թվականից 5 տարվա ընթացքում ամեն ինչի գինը բարձրացել է՝ բացի տրանսպորտի գնից, ամեն ինչի՝ լուցկու, կարագի և այլն, սա նաև ինչ-որ տեղ զարմանալի է, այն ժամանակ օբյեկտիվ էր, որ մենք ասում էինք՝ մի թանկացրեք, այս անգամ, ըստ իս, որ չի թանկանում, դա արդեն օբյեկտիվ չէ»։
Ավինյանը պարզաբանեց, թե ինչու է կարևոր այս բանավեճը․ «Այս դեբատը հրահրելու իմ միակ նպատակը եղել է այն, որ քաղաքացիները ինձ փողոցում սկսել էին մոտենալ և ասել՝ ինչու եք տրասնպորտը դարձնում 300 դրամ, այն, ինչ պարոն Մարությանը և շատ այլ ընդդիմադիր գործընկերներ ձեզ տարբեր հարթակներից հրամցրել են։ Հստակ պետք է ներկայացնել՝ սա սուտ է, մոլորեցում է, իրականությանը չի համապատասխանում»։