Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 2-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ առողջապահության նախարարի նախկին տեղակալ, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար, ՀՀ հաշվեքննիչ պալատի նախկին նախագահ Լևոն Յոլյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
-
- 1 անշարժ գույք՝ Երևան քաղաքում, 1 անշարժ գույք՝ Ծաղկաձոր քաղաքում, 3 անշարժ գույք՝ Արտավազ գյուղում, 1 անշարժ գույք՝ Արտաշատ քաղաքում և 1 տրանսպորտային միջոց, որոնց շուկայական արժեքը կազմում է ավելի քան 628 միլիոն դրամ.
- Երևան քաղաքում երկու գույքի շուկայական արժեքները, որոնց հանրագումարը կազմում է ավելի քան 53 միլիոն դրամ.
- 3 իրավաբանական անձանցում ունեցած մասնակցություններ.
- Ավելի քան 69 միլիոն դրամին համարժեք փոխառության պահանջի իրավունք և շուրջ 32 միլիոն դրամին համարժեք ավանդ.
- 1 միլիարդ 569 միլիոն դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և օրինական եկամուտներով չհիմնավորվող՝ բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված դրամական միջոցների հանրագումար: