Սպանություն՝ առանձնակի դաժանությամբ

Արթուր Ս․-ն 2024 թվականի օգոստոսի 29-ին՝ ժամը 23:50-ի սահմաններում առանձին դաժանությամբ կյանքից ապօրինաբար զրկել է Մնացական Հ․-ին։

Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Ըստ մեղադրական եզրակացության՝ պատճառը եղել է ավտոմեքնենան արագ վարելը։ Արթուր Ս․-ն հայհոյանք է հնչեցրել Մնացական Հ․-ի հասցեին։ Վերջինիս կողմից պատասխան հայհոյանքը ստանալուց հետո, այն ընդունել է հիվանդագին և իր հակասոցիալական պահանջմունքները բավարարելու համար, ներքին բավականության զգացումով, իր անձի առավելությունը Մնացական Հ․-ի նկատմամբ ընգծելու մոլուցքից մղված, բացահայտ բոլորին և ամեն ինչի հակադրվելու ձգտմամբ, նպատակադրվել է դիմել ծայրահեղ միջոցի՝ ապօրինաբար կյանքից զրկել Մնացական Հ․-ին։

Արթուր Ս․-ն 2024 թվականի օգոստոսի 29-ին երեկոյան ժամերից գտնվել է Մնացական Հ․-ի բնակության վայրի հարակից տարածքում և դարանակալած սպասել նրան: Այնուհետև դուրս է եկել դարանակալած վայրից՝ իր հետ նախապես վերցրած դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել Մնացական Հ․-ի մարմնի կենսական կարևոր ֆունկցիաներ իրականացնող հատվածներին։

Մասնավորապես՝ ընդհանուրը թվով 25 մարմնական վնասվածքներ, այն է՝ պարանոցին, կրծքավանդակին, գոտկային շրջանին, զույգ վերին վերջույթներին, որից 11-ը կտրած, թվով 9-ը` ծակած-կտրած չթափանցող, թվով 5-ը կտրած-ծակած թափանցող՝ կրծքավանդակի առաջային մակերեսի ներսային անրակային գծով ձախից ստորանրակային շրջանի` առնվազն 10.0-10.5 սմ խորությամբ, կրծքավանդակի առաջային մակերեսի ձախից 3-րդ կողոսկրի պրոյեկցիայով, դրսային անրակային գծով անցումով ձախից անութափոսի շրջանի առնվազն 10.0-10.5 սմ խորությամբ, կրծքավանդակի առաջակողմնային մակերեսի՝ ձախից առաջային անութային գծով 7-8-րդ միջկողային մկանների պրոյեկցիայով՝ առնվազն 11.5-12.0 սմ խորությամբ, կրծքավանդակի հետին մակերեսի ձախից ներսային թիակային շրջանի` առնվազն 6.5-7 սմ խորությամբ, կրծքավանդակի հետին մակերեսի ձախից ստորթիակային շրջանի՝ առնվազն 10.5-11 սմ խորությամբ կրծքավանդակի ձախ թոքամզային խոռոչ թափանցող ենթամաշկային ճարպաբջջանքի, միջկողային մկանների, թոքամզերի, ձախ թոքի վերքերի, ձախ թոքամզային խոռոչում 1200.0 մլ մուգ կարմիր գույնի հեղուկ արյուն և քիչ քանակի մակարդուկներ, սրտի էպիկարդի տակ՝ կետային արյունազեղումների /Մինակովի բծեր/, աջից ճակատային շրջանի, աջ ուսահոդի շրջանի հետին մակերեսի, աջ արմնկային հոդի շրջանի հետին դրսային մակերեսի քերծվածքների ձևով պատճառել է մահվան հետ ուղղակի պատճառական կապի մեջ գտնվող, նրա կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներ:

Տուժողի մոտ առաջացել է սուր արյունահոսություն, որն էլ համակցվել է վերը թվարկված, կյանքի հետ անհամատեղելի, բազմաթիվ մարմնական վնասվածքներով և հանգեցրել է նրա մահվան, այդ կերպ Արթուր Ս․-ն ապօրինաբար, առանձին դաժանությամբ խուլիգանական դրդումներով կյանքից զրկել է Մնացական Հ․-ին:

Գործը դատարան է ստացվել դեկտեմբերի 13-ին և մակագրվել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հայկ Պետրոսյանին։

Նշվում է, որ Արթուր Ս․-ն նախկինում դատապարտված է եղել։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6,12 կետերի հատկանիշներով։ Այն է՝ Սպանությունը առանձին դաժանությամբ, խուլիգանական դրդումներով։

Արթուր Ս․-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել