ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի հրամանով Փրկարար ծառայության ստորաբաժանումները շարունակում են աշխատանքներն արտակարգ ռեժիմով։
Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Ձյան առատ տեղումները, ձնաբուքը և մերկասառույցը հաճախակի խոչընդոտներ են առաջացնում՝ փակելով կամ դժվարանցանելի դարձնելով միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները:
Փրկարարները, համագործակցելով շահագրգիռ այլ ծառայությունների հետ, շուրջօրյա հերթապահություն և շրջայցեր են իրականացնում՝ արգելափակման մեջ հայտնված մարդկանց անվտանգությունն ապահովելու նպատակով։
Ավտոճանապարհների առավել վտանգավոր և դժվարամատչելի հատվածներում նախապես ծավալված առաջնային օգնության հենակետերում փրկարարները նաև օգնություն են ցուցաբերում քաղաքացիներին՝ տրամադրելով սնունդ և տաքանալու պարագաներ:
Դեկտեմբերի 7-ից մինչև 15-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ավտոճանապարհների խնդրահարույց հատվածներում, եղանակային գործոններով պայմանավորված, արձանագրվել է արգելափակման կամ խցանման մեջ հայտնված տրանսպորտային միջոցների 51 դեպք։ Փրկարարներն ընդհանուր առմամբ արգելափակումից դուրս են բերել 168 տրանսպորտային միջոց, 326 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։
Առավել մեծ թվով ավտոմեքենաներ արգելափակվել են Արագածոտնի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի ավտոճանապարհներին․ մասնավորապես՝ Արագածոտնի մարզում՝ 105, Սյունիքի մարզում՝ 29, Վայոց ձորի մարզում՝ 15 տրանսպորտային միջոցներ։ Փրկարարները բոլոր վարորդներին ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն՝ միաժամանակ անվտանգ տարածք տեղափոխելով ուղևորներին:
Վերոնշյալ աշխատանքները կրում են շարունակական բնույթ: