Քոլեջների և ուսումնարանների ատեստավորված դասավանդողների դրույքաչափը սահմանվել է 200 հազար դրամ, որին կգումարվի 30-50 տոկոս հավելավճար

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել են մասնագիտական ուսումնական հաստատությունների ատեստավորված մանկավարժական աշխատողների դրույքաչափի փոփոխության և հավելավճարի, ինչպես նաև տարակարգ ստացած մանկավարժական աշխատողների հավելավճարի սահմանման կարգերն և չափերը:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ Կառավարության ծրագրով և «Կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով» կարևորագույն թիրախ է սահմանվել, որ կրթության տարբեր մակարդակներում պետք է գործի մասնագիտական զարգացման և վարձատրության բարձրացման փոխկապակցված համակարգ. «Այդ համակարգն արդեն իսկ գործում է դպրոցներում և մանկապարտեզներում. այս նախագծով դա նաև իրականություն է դառնում մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում: Մասնավորապես՝ այս տարվա փետրվարին նախարարի համապատասխան հրամանով արդեն իսկ հաստատվել էր ՄԿՈՒ հաստատությունների մանկավարժական աշխատողների վերապատրաստման և ատեստավորման կարգը: Դրա հիման վրա այս տարի արդեն չորս ուղղություններով՝ ոսկերչություն, խոհարարություն, գյուղատնտեսություն և տեղեկատվական տեխնոլոգիաներ, վերապատրաստվել է ՄԿՈՒ հաստատությունների շուրջ 361 աշխատակից: Այս տարվա նոյեմբերի 30-ին վերջիններիս համար կազմակերպվել է ատեստավորման գործընթացը, որի արդյունքները, կարգի համաձայն, կհրապարակվեն դեկտեմբերի 6-ին: Նախնական արդյունքները, սակայն, ցույց են տալիս, որ շատերը հաջողությամբ հաղթահարել են ատեստավորման անցողիկ շեմը և ապահովել վարձատրության բարելավում»:

Աշխատավարձի կրկնապատկման հնարավորություն ՄԿՈւ համակարգում

Նախարարը տեղեկացրել է, որ Կառավարության որոշման նախագծով սահմանվում են ատեստավորված աշխատակիցների նկատմամբ գործող խրախուսման ձևերը, որոնք համահունչ են դպրոցների ուսուցիչների համար գործող խրախուսման համակարգին: Մասնավորապես՝ 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած աշխատակիցների համար դրույքաչափը սահմանվում է 200000 դրամ՝ մեկ դրույք զբաղվածության պարագայում: 70 տոկոս ու ավելի բարձր արդյունքներ գրանցելու պարագայում արդեն, բացի դրույքաչափից, կիրառվում են նաև հավելավճարներ՝ 70-79 տոկոսի համար 30 տոկոս, 80-90 տոկոսի դեպքում՝ 40 տոկոս և 90-100 տոկոս արդյունքի պարագայում՝  50 տոկոս հավելավճար, որը գումարվում է 200000 դրամ դրույքաչափին: 

Տարիներ շարունակ աշխատավարձը շատ ցածր էր՝ գրեթե համարժեք նվազագույն աշխատավարձին

Կարևորելով նոր կարգավորումը՝ նախարար Ժաննա Անդրեասյանը շեշտել է, որ ՄԿՈՒ համակարգում աշխատավարձերը շատ ավելի ցածր էին՝ ի համեմատ  հանրակրթական դպրոցների. «Այս համակարգում աշխատավարձերը շատ ավելի ցածր էին. հաճախ դասավանդողները նվազագույն աշխատավարձին համարժեք վարձատրություն էին ստանում, և մենք այս ձևով ավելի քան կրկնապատկելու ենք նրանց վարձատրությունը: Արդեն իսկ դեկտեմբերին նախատեսել ենք, որ հաջող արդյունք ցուցաբերած մասնագետները կստանան համապատասխան հավելավճարներն ու դրույքաչափի փոփոխությամբ պայմանավորված վարձատրությունը: Այս նույն որոշմամբ հաստատում ենք նաև տարակարգի դեպքում խրախուսման համակարգը. տարակարգի կարգը նույնպես հաստատվել է նախարարի հրամանով, որը կգործի հաջորդ տարվանից: Սա ևս 20-50 տոկոս հավելավճարներ ստանալու հնարավորություն է: Ատեստավորման միջոցով ստուգվում է մասնագիտական գիտելիքը, իսկ տարակարգի միջոցով՝ մանկավարժական հմտությունները: Որպես արդյունք՝ կարծում ենք, որ ՄԿՈՒ համակարգում կունենանք որակյալ կադրեր՝ ոլորտը համալրելով նոր մասնագետներով, ինչպես նաև բարձրացնելով աշխատանքի գրավչությունը»,-նշել է նախարարը:

Գործընթացը ՄԿՈւ ոլորտում  իրականացվում է առաջին անգամ 

Ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դրույքաչափի բարձրացման վերաբերյալ հարցին, նախարար Ժաննա Անդրեասյանը պարզաբանել է, որ հաստատությունից հաստատություն գործող դրույքաչափերը տարբեր են, բայց շատ հաճախ դրանք նվազագույն աշխատավարձին համարժեք վարձատրություն են: «Փաստացի այնպես է ստացվելու, որ շատ հաճախ ատեստավորումն անցած աշխատակիցների դրույքաչափը կրկնապատկվելու է: Պաշտոնական արդյունքներն ամփոփելուց հետո, քանի որ նախատեսված է նաև բողոքարկման գործընթաց, մինչև տարեվերջ կհրապարակենք, թե փաստացի ինչպես է փոխվում մարդկանց աշխատավարձը: Մինչև 200 տոկոս բարձրացումը բավականին հավանական է տարակարգի և ատեստավորման արդյունքում»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ այս գործընթացը ՄԿՈւ ոլորտում  առաջին անգամ է իրականացվում:

Ատեստավորման համատեքստում աշխատանք է տարվել նաև գործատուների հետ՝ աշխատակիցների գործնական գիտելիքը ևս ստուգելու նպատակով.  «Բավականին հետևություններ կանենք այս գործընթացից և հաջորդ տարի, երբ կընդլայնենք մասնագիտությունների ցանկը, այն էլ ավելի կբարելավվենք»,- ասել է նախարարը:

Արդյունաբերության, գյուղատնտեսության և շինարարության ուղղություններով սովորողներին՝  50 հազար դրամ կրթաթոշակ

«Կարծում եմ՝ սա մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում այն շրջադարձային կետերից մեկն է, որը պլանավորված է Կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրով: Մարզերում պետք է ուժեղացնել հենց քոլեջների ենթակառուցվածքը՝ նաև հաշվի առնելով տվյալ մարզի աշխատաշուկայի առանձնահատկությունները: ՄԿՈՒ համակարգը պետք է ի սկզբանե նախագծված լինի այնպես, որ մասնագիտական կրթություն ստացող մարզի բնակիչը տեղում աշխատանք գտնելու հնարավորություն ունենա»,-իր հերթին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախարարը ևս մեկ անգամ փաստել է, որ ՄԿՈՒ ոլորտի զարգացումը դիտարկվում է որպես առաջնահերթություն՝ ընդգծելով, թե զարգացման ինչպիսի ցուցանիշներ են արձանագրվել. «Նախորդ տարի համակարգում ներդրեցինք որոշակի գերակա ուղղություններով կրթաթոշակի հնարավորություն, որն ընդգրկում է արդյունաբերության, գյուղատնտեսության և շինարարության ոլորտները: Այս ուղղություններով սովորողները ամսական 50 հազար դրամ կրթաթոշակի հնարավորություն են ստանում: Երկրորդ տարին է, որ ընդունելությունն իրականացվում է այս պայմաններով, և արդեն իսկ ունենք ՄԿՈՒ համակարգում սովորող ավելի քան 45 հազար ուսանողներ: Այս տարի քոլեջներ և ուսումնարաններ են ընդունվել ավելի քան 14 հազար ուսանող, և կարելի է ասել, որ բուհերի հետ համեմատելի ընդունելություն է իրականացվել: Հատկապես ուրախալի է, որ գերակա ուղղություններով արհեստագործական կրթական  ծրագրերով սովորողների թիվն էապես աճել  է, և մրցութային ընդունելություն ենք գրանցում այն ծրագրերով, որոնց անվճար տեղերն անգամ տարիներ շարունակ չէին համալրվում»,-նշել է նախարարը՝ հավելելով, որ համակարգի զարգացման համար ևս մեկ կարևոր քայլ էր տրանսպորտային ծախսերի փոխհատուցման հնարավորությունը՝ հատկապես գյուղներում բնակվող սովորողների համար հասանելի դարձնելով մոտակա ՄԿՈւ հաստատությունում ուսանելը: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել