ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է համակարգչային հափշտակություն կատարելու հերթական դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննությունը՝ մեկ մեղադրյալի մասով:
Հայտնում են Քննչական կոմիտեից։
Իրականացված ապացուցողական և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է հափշտակության մեխանիզմը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի ինքնությունը, ով Գյումրի քաղաքի 26-ամյա բնակիչ է, ինչպես նաև՝ տուժողների շրջանակը և հափշտակված գումարի ընդհանուր չափը:
Մասնավորապես՝ քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ, 2021թ․ հունիս-օգոստոս ամիսներին, ՀՀ-ում գործող ընկերություններին պատկանող բուքմեյքերական կայքերում գրանցված մի շարք խաղային հաշիվներում առկա գումարից, որոշակի միաժամանկյա գործողություն կատարելու եղանակով, հափշտակել են առանձնապես խոշոր չափի շուրջ՝ 96.140.000 ՀՀ դրամ գումար։
Պարզվել է, որ այդ միջոցներից 5.072.000 ՀՀ դրամ գումարը հափշտակվել է 26-ամյա երիտասարդի և վերջինիս հետ հանցավոր համաձայնության եկած անձանց կողմից։
26-ամյա երիտասարդը, իր երկու ծանոթների և քննությամբ ինքնությունները դեռևս չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, տեղյակ լինելով հայաստանյան երկու բանկերի բանկոմատների ծրագրային ապահովման թերության մասին, ՀՀ տարածքում գործող ընկերությունների բուքմեյքերական կայքերում իր և այլ անձանց անվամբ գրանցված խաղային հաշիվներին գումարներ են մուտքագրել և մուտքագրված դրամական միջոցների արհեստական շրջանառությունն ապահովելու նկատառումով կատարել են պարտության ցածր հավանականություն ունեցող խաղադրույքներ:
Այնուհետև, օգտվելով ծրագրային այդ թերությունից, օգտահաշվին գոյացած դրամական միջոցները 33 կանխիկացման գործարքներով կանխիկացրել են։ Այդ կերպ նշված 26-ամյա երիտասարդը և նրա հետ հանցավոր համաձայնության եկած անձինք հափշտակել են առանձնապես խոշոր չափերի՝ 5.072.000 ՀՀ դրամ գումար՝ ընկերություններին պատճառելով գույքային վնաս:
Բացի այդ, քննությամբ հիմնավորվել է նաև, որ 26-ամյա երիտասարդը 2022 թվականի փետրվարի 24-ին, կրկին օգտվելով բանկոմատներից գումար կանխիկացնելու բնականոն ընթացքն ապահովող ծրագրային թերությունից, մեկ այլ սխեմայի կիրառմամբ, համակարգչային հափշտակությամբ ձեռք է բերել առնվազն 370.000 ՀՀ դրամ գումար:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Գյումրի քաղաքի 26-ամյա բնակչի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, և նրան մեղադրանք է ներկայացվել: Որպես խափանման միջոց՝ վերջինիս նկատմամբ կիրառվել է կալանավորումը:
26-ամյա երիտասարդի մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին:
Հափշտակության մեխանիզմում ներգրավված մյուս անձանց մասով նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: