Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները պարզել են, որ նոյեմբերի 9-ի ժամը 18.30-ի սահմաններում Հարժիս գյուղի բնակիչ 32-ամյա երկու երիտասարդ և Սիսիան քաղաքի բնակիչ 43-ամյա մի տղամարդ Սիսիանի Որոտան փողոցում մեքենայի կայանման հարցի շուրջ վիճաբանել են իրար հետ, այնուհետև վեճը շարունակել են Սիսիան-Աղիտու ճանապարհի կիսաքանդ շինության մոտ, որի ընթացքում էլ սիսիանցի տղամարդը ինքնաձիգից կրակոցներ է արձակել երիտասարդների ուղղությամբ՝ մարմնական վնասվածքներ պատճառելով նրանցից մեկին, հայտնում են ոստիկանությունից։
Վնասվածքներ ստացած երիտասարդը տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղից ոստիկանություն հաղորդում է ստացվել: Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի և ՔՈԳՎ Սյունիքի մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում նոյեմբերի 11-ին, կեսգիշերն անց, Սիսիան քաղաքի 43-ամյա բնակիչը ներկայացել է Սիսիանի բաժին՝ ներկայացնելով 7,62 մմ տրամաչափի 2 փամփուշտով լիցքավորված ինքնաձիգը: Բաժնում նա հայտնել է, որ նոյեմբերի 9-ին Սիսիան-Աղիտու ճանապարհի հարակից կիսաքանդ շինության մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ ինքը նշված ինքնաձիգից երկու կրակոց է արձակել:
Նա, կազմված փաստաթղթերը և ինքնաձիգը ներկայացվել են Սիսիանի քննչական բաժին:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: