Ովքե՞ր են ազատված հողի հարկ վճարելուց

Հողի հարկից ազատվում են`
ա) բյուջետային հիմնարկներն ու կազմակերպությունները, ինչպես նաև պետական արգելանոցները և արգելավայրերը, ազգային և ծառաբանական զբոսայգիները, բուսաբանական այգիները և պատմամշակութային նշանակության հողերը, բացառությամբ վարձակալության և ծառայողական օգտագործման տրված հողերի.
բ) հողային ռեֆորմի և սեփականաշնորհման ընթացքում ձևավորված գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունները` հողի սեփականության իրավունքի ձեռքբերման ամսվանից սկսած երկու տարվա ընթացքում.
գ) հողի այն սեփականատերերը, մշտական և ժամանակավոր օգտագործողները, որոնց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որոշակի ժամկետով եկամտահարկից ազատվելու պայմանով տրամադրվել են հողեր` այդ ժամկետի ընթացքում.
դ) բնակավայրերում պետական սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման հողերը (հրապարակներ, փողոցներ, անցումներ, ճանապարհներ, զբոսայգիներ, պուրակներ, ջրամբարներ և այլն).
ե) մասնագիտական տեխնիկական ուսումնարաններին (պրոֆտեխուսումնարաններին) և դպրոցներին կից ուսումնաարտադրական և փորձարարական հողամասերը.
զ) նոր հիմնված և երիտասարդ խաղողի ու պտղատու այգիները, մինչև տնկարկների լրիվ պտղաբերությունը (յուրաքանչյուր սորտի համար ագրոտեխնիկական ցուցումներով սահմանված ժամկետում)` դրանց տարածքը 0,1 հեկտար և ավելի լինելու դեպքում.
է) պետական անտառային ֆոնդի հողերը, բացառությամբ գյուղատնտեսական նշանակության վարձակալության տրված հողերի.
ը) փոստային կապի ազգային օպերատորը.
ը1) օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների դիվանագիտական և ներկայացուցչական նպատակների համար օգտագործվող հողերը` փոխադարձության սկզբունքով, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի միջնորդության հիման վրա.
թ) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) սեփականության և անհատույց մշտական օգտագործման իրավունքով պատկանող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դասակարգմանը համապատասխան կրոնական, պաշտամունքային շենքերի ու շինությունների, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) պատկանող` հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիների, հոգևոր-մշակութային, կրթադաստիարակչական, եկեղեցական և ծիսական պարագաների արտադրության և իրացման համար օգտագործվող կառույցների, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի) ներքին սպասարկումն իրականացնող արհեստանոցների զբաղեցրած, ինչպես նաև դրանց սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ հողամասերը: Սույն կետում նշված շենքերի և շինությունների, ինչպես նաև դրանց սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ հողամասերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
ժ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հողամասից կամովին հրաժարվելու դեպքում` համայնքային կամ պետական սեփականություն ճանաչված հողամասերի սեփականատեր հանդիսացած ֆիզիկական անձինք` այդ հողամասերի համար:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը) ազատվում է նաև իրեն սեփականության և անհատույց մշտական օգտագործման իրավունքով պատկանող` սույն հոդվածի «թ» կետով սահմանված շենքերի ու շինությունների զբաղեցրած, ինչպես նաև դրանց սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ հողամասերի համար 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվարկված հողի հարկի, ինչպես նաև այդ գումարները օրենսդրությամբ սահմանված ժամկետներում չվճարելու համար հաշվարկված՝ հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերի և տուգանքների գումարների վճարումից: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) հարկային արտոնությունների տրամադրման հետևանքով համայնքների եկամուտների նվազեցումը պետության կողմից փոխհատուցման ենթակա չէ:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հողամասից կամովին հրաժարվելու դեպքում համայնքային կամ պետական սեփականություն ճանաչված հողամասերի սեփականատեր հանդիսացած ֆիզիկական անձինք ազատվում են նաև այդ հողամասերի համար 2007 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվարկված և չվճարված հողի հարկի, ինչպես նաև այդ գումարները օրենսդրությամբ սահմանված ժամկետներում չվճարելու համար հաշվարկված՝ հարկային օրենսդրությամբ սահմանված և չվճարված տույժերի գումարների վճարումից: Հողամասից կամովին հրաժարված ֆիզիկական անձանց հարկային արտոնությունների տրամադրման հետևանքով համայնքների եկամուտների նվազեցումը պետության կողմից փոխհատուցման ենթակա չէ:

Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով համայնքի ավագանին կարող է սահմանել հողի հարկի գծով արտոնություններ:

Համայնքի ավագանու սահմանած արտոնության գումարը չի կարող գերազանցել տվյալ տարվա համար հողիհարկի գծով համայնքի բյուջեում հաստատված եկամուտների 10 տոկոսը:

Համայնքի ավագանու կողմից հողի հարկի գծով սահմանված արտոնությունների գումարի դիմաց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքի բյուջեին լրացուցիչ դոտացիաներ չեն տրամադրվում:

Օրենքով կարող են սահմանվել հողի հարկի գծով այլ արտոնություններ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել