Հիմնադրամը կարող է ստեղծվել հիմնադիրների կողմից հիմնադրվելու կամ գոյություն ունեցող հիմնադրամի (հիմնադրամների)՝ օրենքով սահմանված կարգով վերակազմակերպման միջոցով, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմավորման միջոցով:
Հիմնադրամի ստեղծումը հիմնադրման միջոցով իրականացվում է հիմնադիրների որոշմամբ: Հիմնադրամը կարող է ստեղծվել նաև մեկ անձի կողմից:
Հայաստանի Հանրապետության կամ համայնքի կողմից կամ դրանց մասնակցությամբ հիմնադրամի հիմնադրումն իրականացվում է համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կամ համայնքի ղեկավարի որոշմամբ՝ համայնքի ավագանու հաստատմամբ: