Ներքին Շենգավիթում 72-ամյա կնոջ սպանության կասկածանքով ձերբակալվել է վերջինիս որդին

2024 թվականի հոկտեմբերի 27-ին՝ ժամը 23:00-ին, Երևան քաղաքի Ն.Շենգավիթ 6-րդ փողոցի տներից մեկի բնակչից ահազանգ է ստացվել այն մասին, որ իր 72-ամյա կնոջը իրենց որդին սպանել է։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով, նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնում են ՔԿ-ից։

«Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և ձեռնամուխ եղել անհետաձգելի գործողությունների իրականացման:

Մասնավորապես՝ դեպքի վայրի զննությամբ նշված տան հյուրաասենյակում հայտնաբերվել է 72-ամյա կնոջ դին՝ դեմքի դիմային հատվածը ջնջխված վիճակում, ինչպես նաև՝ ներհրված հատվածի առկայությամբ մետաղական ձող՝ արնանման հետքերով:

Սպանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով ձերբակալվել է տուժողի 39-ամյա որդին, ով, ըստ ստացված տվյալների, 2005 թվականից ունի հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ։

Ստացվել են փորձանմուշներ, նշանակվել են դիակի դատաբժշկական, դատագենետիկական և դատահետքաբանական համալիր փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք։

Զննությամբ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի աջ դաստակին առկա է եղել փքվածություն և այտուց, աջ ձեռքի բութ մատի վրա՝ կտրած-ծակած հետք, իսկ աջ աչքի հարունքային շրջանում՝ քերծվածքների ձևով վնասվածքներ։

Դեպքի համար նշանակություն ունեցող այլ հանգմանքներ պարզելու նպատակով օպերատիվ հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը։

Նախաքննությունը շարունակվում է»,-փոխանցում են կոմիտեից։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել