Հոկտեմբերի 25-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է «Հայաստան-ԵՄ՝ Ռազմավարական գործընկերության խթանում Վիշեգրադյան քառյակի փորձի հաշվառումով» ծրագրի շրջանակներում կայացած քննարկմանը:
Այս մասին հայտնում են Արտաքին գործերի նախարարությունից։
ՀՀ գերատեսչությունների, ոլորտի փորձագետների, ինչպես նաև ՀԿ-ների ներկայացուցչությունների մասնակցությամբ կայացած քննարկման ընթացքում նախարարի տեղակալ Հովհաննիսյանը հանգամանալից անդրադարձել է ՀՀ-ԵՄ գործընկերության ընդգրկուն և հավակնոտ օրակարգի մի շարք, այդ թվում՝ քաղաքական երկխոսության դրական դինամիկային և ՀՀ-ԵՄ Գործընկերության օրակարգի նախագծին: Նա ներկայացրել է ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի մանրամասները, կարևորել է անվտանգության ոլորտում համագործակցության ընդլայնումը՝ անդրադառնալով Հայաստանում ԵՄ առաքելության գործունեությանը, Եվրոպական խաղաղության գործիքի միջոցով Հայաստանին աջակցության տրամադրմանը և համանման հարցերի։
Նախարարի տեղակալը կարևորել է Վիշեգրադյան երկրներում արձանագրված հաջողությունները և Հայաստանի հետ լավագույն փորձի փոխանակումը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև նոր նախագծերի և նախաձեռնությունների հնարավորություններին, որոնք կարող են ամրապնդել Հայաստանի եվրոպական օրակարգը և բարելավել փոխգործակցությունը ԵՄ հետ: