Վահագն Վերմիշյանի գործով նիստը նախագահող դատավոր Կարեն Ամիրյանը Վերմիշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևի եզրափակիչ ելույթի ժամանակ ասաց՝ պետք է խոսքը կառուցել եզրափակիչ ելույթի տրամաբանության մեջ, ինչին ի պատասխան պաշտպանը հետևյալը նշեց․ «Պատվարժա՛ն դատարան, իսկ գուցե ինձ ասեք՝ ես ինչից խոսեմ, ես միանգամից դրանից խոսեմ, անկեղծ, ես եզրափակում եմ բողոքները»։
Նախագահող դատավորը պնդեց, որ պաշտպանի կողմից նոր հանգամանքներ չեն ներկայացվել, այլ վերաքննիչ բողոքի վերաբերյալ դիրքորոշման կրկնությունն է․ «Դուք ոչ թե եզրափակում եք, այլ նկատի ունեցեք, որ, օրինակ, դատախազը բերեր բողոք պատժի մասով, գուցե ինչ-որ մի տեղ տրամաբանական կլիներ նորից էդ ամեն ինչին անդրադառնալը, բայց այս դեպքում Ձեր ելույթը ես, որ լսում եմ, բառերը, բնականաբար, այլ են, բայց բոլոր հանգամանքները դուք էլ եք հիմա շեշտում՝ փաստարկ 1, 2, 3, մենք էդ ամենը լսել ենք քանիցս, գրավոր տարբերակը նաև մեզ մոտ կա»։
Պաշտպան Կոչուբաևը հակադարձելով դատավորին՝ ասաց․ «Ինչի մասին ես խոսում եմ, սա բովանդակային էն առարկություն կոչված փաստաթղթի հակադարձումն է, և սրանում տեղ գտած որոշ հանգամանքներ նոր են, և բացի այդ էլ, եթե ես միայն անդրադառնամ մի մասին, տրամաբանությունը կկորչի, և եթե անկեղծ, ինչքան էլ չուզեք, բայց դատարանի այս դիրքորոշումն ունի կաշկանդող բնույթ, քանի որ մենք խոսում ենք եզրափակիչ ելույթի մասին, խոսում ենք 5 տարի քննված դատավարության մասին»։
Դատավոր Մեսրոպ Մակյանը հարցրեց՝ Առաջին ատյանում ճառն ու ռեպլիկն արդյո՞ք նույն տիրույթում են լինում, թե ոչ, ինչին ի պատասխան Կոչուբաևն ասաց՝ ոչ։
Դատավորը հավելեց․ «Հիմա այստեղ էլ անուններն են տարբեր՝ բողոքի պատասխան, եզրափակիչ ելույթ, Դուք եզրափակիչ ելույթում բողոքի պատասխան եք ներկայացնում և, ըստ էության, Ձեր բողոքը։ Խնդրում եմ՝ ամբողջ ասվածի վերաբերյալ ընդհանուր գաղափարներ նշեք»։
Մանրամասները՝ տեսանյութում։