Լիցենզավորված իրավաբանական անձի վերակազմակերպման կամ նրա անվանման կամ գտնվելու վայրի փոփոխման դեպքում լիցենզավորված անձը պարտավոր է այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից սկսած՝ 15 օրվա ժամկետում, հայտ ներկայացնել լիցենզիայի վերաձևակերպման համար` կցելով տեղեկություններ պետական գրանցման համարի վերաբերյալ:
Անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի անվան կամ բնակության վայրի փոփոխման դեպքում լիցենզավորված անձը պարտավոր է այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից սկսած՝ 15 օրվա ժամկետում, հայտ ներկայացնել լիցենզիայի վերաձևակերպման մասին` անհատ ձեռնարկատիրոջ դեպքում կցելով տեղեկություններ պետական հաշվառման համարի վերաբերյալ, իսկ ֆիզիկական անձի դեպքում` նշված տեղեկությունները հավաստող համապատասխան փաստաթղթերը:
Իրավաբանական անձի առանձնացման ձևով վերակազմակերպման ժամանակ լիցենզիան այդ իրավաբանական անձից առանձնացած իրավահաջորդին (իրավահաջորդներին) տրվում է միայն համապատասխան լիցենզիա ստանալու համար նախատեսված կարգին համապատասխան:
Իրավաբանական անձի բաժանման ձևով վերակազմակերպման ժամանակ լիցենզիան բաժանված իրավաբանական անձանց տրվում է միայն համապատասխան լիցենզիա ստանալու համար նախատեսված կարգին համապատասխան:
Լիցենզիայի վերաձևակերպումն իրականացվում է լիցենզավորված անձի համապատասխան հայտը լիցենզավորող մարմնում մուտք լինելու օրվանը հաջորդող երրորդ օրը:
Լիցենզիայի վերաձևակերպման ժամանակ լիցենզավորող մարմինը լիցենզիայի գրանցամատյանում կատարում է համապատասխան փոփոխություններ:
Լիցենզիայի վերաձևակերպման մասին հայտի մերժումն իրականացվում է օրենքի համաձայն՝ լիցենզիաների հայտերի մերժման համար նախատեսված դեպքերում և կարգով, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Լիցենզիայի վերաձևակերպման հայտերի վերաբերյալ որոշումները կայացվում են առանց լիցենզավորող հանձնաժողովի որոշման: Սակայն նշված հայտի մերժման հիմքի առկայության դեպքում կամ հայտատուի պահանջով պետք է իրականացվի հայտի քննարկում՝ լսումների կարգով, բացառությամբ պետական տուրքը չվճարելու հիմքով օրենքով նախատեսված մերժման դեպքի:
Վերոնշյալ կարգը լիցենզավորված անձի գտնվելու վայրի փոփոխման մասով տարածվում է միայն լիցենզավորման ենթակա գործունեության այն տեսակների վրա, որոնք օրենքի համաձայն պետք է իրականացվեն միայն լիցենզիայում նշված վայրում:
Լիցենզիայի վերաձևակերպման հայտը կարող է լիցենզավորող մարմին հանձնվել առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով: