ԻԻՀ-ից ՀՀ են ներմուծել ապրանքներ, որոնց համար չեն հաշվարկվել մաքսային վճարներ և ԱԱՀ․ պետությանը պատճառված 103 միլիոն դրամ վնասը վերականգնվել է

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության հինգերորդ վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել են ՍՊ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով մաքսային վճարները չվճարելու դեպքի մի շարք հանգամանքներ։

Նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ոչ մասնագիտացված մեծածախ առևտրի գործունեությամբ զբաղվող ընկերության կողմից, որը, սակայն, օտարերկրյա իրավաբանական անձի անվամբ է գրանցված, ԻԻՀ-ից ՀՀ են ներմուծվել ապրանքներ, որոնց համար չեն հաշվարկվել և ՀՀ պետական բյուջե չեն վճարվել 103.261.200 ՀՀ դրամ մաքսային վճարներ, որից 40.761.000 ՀՀ դրամը՝ մաքսատուրք, իսկ 62.500.200 ՀՀ դրամը՝ ԱԱՀ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նշված անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Դատարանի որոշմամբ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Նախաքննության ընթացքում ընկերության կողմից պետական բյուջե է վերականգնվել ընդհանուր 103 410 000 ՀՀ դրամի չվճարված վճարների գումարը:

Նշված անձի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում է կայացվել` պատճառված վնասը վերականգնելու հիմքով:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել