Տղամարդը տևական ժամանակ մերկ լուսանկարներ է պահանջել իր անչափահաս բարեկամուհուց, գնացել նրանց տուն և սեռական հարաբերություն ունեցել աղջկա հետ

Հովնան Ա․-ին մեղադրանք է առաջադրվել 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու համար։

Iravaban.net-ը այս մասին տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Գործը դատարան է ստացվել հունիսի 7-ին և մակագրվել դատավոր Գարիկ Աբելյանին։

2024 թվականի ապրիլի 23-ին Անի Բ․-ն ոստիկանությում հաղորդում է տվել, որ Հովնան Ա․-ն ով հանդիսանում է իր դստեր հորաքրոջ որդին, 2023 թվականի հունվարից սիրային կապ է ունեցել դստեր՝ Ս․Ս․-ի հետ:

Հարաբերությունների ընթացքում տղամարդը անչափահասի նկատմամբ դրսևորել է անառակաբարո վարքագիծ, որի ընթացքում առանց դստեր կամքը հաշվի առնելու համբուրել է նրա շուրթերը, ինչպես նաև պարբերաբար համոզելու միջոցով պահանջել և ստացել է դստեր մերկ լուսանկարները: Լուսանկարները եղել են 7-ը, դրանք արվել են տարբեր ժամանակահատվածներում՝ Հովնան Ա․-ի պահանջով:

2023 թվականի դեկտեմբերի վերջին Ս․ Ս․-ն գտնվել է տանը մենակ, այդ ընթացքում իրենց տուն է գնացել Հովնան Ա․-ն և օգտվելով աղջկա կողմից իր արարքները չգիտակցելու հանգամանքից հանել է նրա հագուստները, մերկացրել նրան և սեռական հարաբերություն ունեցել նրա հետ՝ բնական ճանապարհով: Անի Բ․-ն հայտնել է, որ դուստրը այդ մասին իրեն պատմել է ոստիկանություն դիմելու օրը:

2024 թվականի ապրիլի 23-ին Հովնան Ա․-ն ձերբակալվել է հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։

Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Հունիսի 11-ի որոշմամբ մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխվել է տնային կալանքով։

Նշենք, որ 1997-ին ծնված Հովնան Ա․-ն ամուսնացած է, և իր խնամքի տակ են 2 անչափահաս երեխա։

Նախնական դատալսումների ընթացքում պաշտպան Դ․Գասպարյանը միջնորդել է դատարանին դադարեցնել մեղադրյալի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը՝ տուժողի և մեղադրյալի հաշտության հիմքով։

Դատարանի կողմից մեղադրյալին պարզաբանվել է ոչ ռեաբիլիտացնող հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում կայացնելու իրավական հետևանքները, որին ի պատասխան՝ մեղադրյալը հայտնել է՝  պնդում է ներկայացված միջնորդությունը և համաձայն է այդ հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելուն։ Բացի այդ, հավելել է, որ ընդունում է իրեն ներկայացված մեղադրանքը և զղջում իր կողմից կատարված արարքի համար։

Դատարանը որոշել է Հովնան Ա․-ի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնել՝ մեղադրյալի և տուժողի հաշտության հիմքով և քրեական գործով վարույթը կարճել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել