«Ամեն ինչ անում եք, որ հանկարծակի «հարգելի» բառը չգրեք». Ալեն Սիմոնյանը՝ Արծվիկ Մինասյանին

Այսօր ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին ուղղված իր խոսքում առաջարկեց ներողություն խնդրել երեկ տեղի ունեցած միջադեպի համար։

«Անհրաժեշտ է, որպեսզի մշակույթի փոփոխությունը տեղի ունենա այս դահլիճից։ Հակառակ դեպքում, ուղղակի փողոցային բարքերին համապատասխան, շատ ավելի վատ սցենարներ կարող են լինել»,- նշեց Մինասյանը։

Սրան ի պատասխան՝ ԱԺ նախագահը արձագանքեց ելույթով, որտեղ ընդգծեց, որ ստանդարտները երկակի չեն լինում, և ներկայացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավորների ոչ հարիր պահվածքը․

«Ձեր գործընկեր տիկին Կյուրեղյանը, որը հայտնի է ամենադատապարտելի և փողոցային տարբերակով մտքեր արտահայտելով, ոչ միայն դահլիճից այլև այստեղ (նկատի ունենալով ամբիոնը) հերթական բանն է իրեն թույլ տվել, որին ի պատասխան ես արձագանքել եմ և միշտ արձագանքելու եմ»,- ասել է ԱԺ նախագահը։

«Պարոն Սիմոնյան, ենթադրենք՝ վաղն այդ միկրոֆոնը Ձերը չի, թիկնազոր չկա, այս դահլիճից դուրս եք․ դուրս եք գալու հանրության մեջ, որտեղ ոչ ոք թևերից կամ կողքերից չեն բռնի, այդ մարդկանց հետ պետք է շփվեք, չէ՞»,- արձագանքեց Արծվիկ Մինասյանն իր փոխադարձ ելույթում։

Սիմոնյանն էլ իր հերթին հորդորեց Մինասյանին՝ իր արածներին նայել, նոր բարոյախրատական դասեր տալ․
«Դուք նույնիսկ որ թուղթ եք գրում, հատուկ ամեն ինչ անում եք, որ հանկարծակի հարգելի բառը չգրեք, որ մեկը հանկարծակի չասի, թե լավ խոսեցիք ԱԺ նախագահի հետ։ Դուք մի հատ Ձեր արածներին նայեք, հետո նոր այստեղ որևէ մեկին բարոյախրատական դաս տվեք»,- եզրափակեց Սիմոնյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել