«Ավտոբուսում դրված վճարային համակարգի անսարքության դեպքում քաղաքացին իրավունք է ունենալու չվճարել ուղեվարձը»,-այս մասին Iravaban.net-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Երևանի քաղաքապետարանից։
Ավելի վաղ հայտնել էինք, նոյեմբերի 1-ից MAN, ZhongTong և GazelCity մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս պարտադիր պայման է լինելու 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը, կամ ավտոբուսներում տեղադրված վճարային համակարգով QR կոդի միջոցով վճարում իրականացնելը։ Այս մասին հայտարարություն էր տարածել Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։
Քաղաքապետարանի փոխանցմամբ՝ փոփոխության նպատակը նախևառաջ հնարավոր ստվերային շրջանառությունը կանխելն է, այդպիսով՝ վարորդներին իրենց հիմնական գործից չշեղելը, ինչպես նաև հունվարի 1-ից սպասվող միասնական տոմսային համակարգին անցում կատարելուն նախապատրաստվելը։
Ըստ այդմ՝ վարորդները ուղևորներից առձեռն գումար չեն վերցնելու և մանրը չեն վերադարձնելու։
Որոշ ճշտումներ կատարելու նպատակով հարցմամբ դիմել էինք Երևանի քաղաքապետարանին։
Եղել են դեպքեր, երբ քաղաքացիները ավտոբուսներում հանդիպել են անսարք վճարային համակարգերի, քաղաքապետարանից ցանկացել էինք պարզել՝ ինչպե՞ս է կարգավորվում որոշ ավտոբուսներում հանդիպող նշված խնդիրը։ Մեզ հայտնել են, որ խնդիրը կարգավորվում է հեռավար սպասարկման միջոցով, որոշ դեպքերում ավտոբուսի պարկ վերադառնալուն պես:
Մարիամ Անտոնյան