Ո՞րն է եղել Վիգեն Քոչարյանին Աննա Մարգարյանով փոխարինելու պատճառը․ ՄԻԵԴ նոր ցուցակ է ներկայացվել

Ավելի վաղ հայտնել էինք, որ մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության հանձնաժողովը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Վարչապետի 2023 թվականի օգոստոսի 31-ի № 882-Ա որոշման 71-րդ կետը, ՀՀ վարչապետի հաստատմանն է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների՝ ընտրության փաստաթղթային ստուգման և հարցազրույցի փուլերն անցած և առավել բարձր միավորներ հավաքած հավակնորդների նոր ցուցակը՝ հետևյալ կազմով.

1․ Գրիգորյան Վահե,

2. Կարապետյան Նորա,

3. Մարգարյան Աննա։

Հիշեցնենք վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 26-ին որոշում էր ստորագրել, որով հաստատել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը՝ հետևյալ կազմով.

1) Գրիգորյան Վահե,

2) Կարապետյան Նորա,

3) Քոչարյան Վիգեն։

Iravaban.net-ը խոսել է թեկնածուներից Վիգեն Քոչարյանի հետ։ Հարցին, թե ինչն է պատճառը, որ փոփոխություն է կատարվել ցուցակում, Քոչարյանը պատասխանեց․ «Ես որոշել եմ, որ կենտրոնանալ ՀՀ-ում աշխատանքային գործունեություն ծավալելու վրա։ Առաջադրված եմ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածությանը, և առաջիկա շաբաթը այդ ընտրությունները տեղի կունենան, այդքանը կարող եմ ասել»։

Մեր հարցին, թե այլ հանգամանքներ առկա՞ են եղել նման որոշում կայացնելու, Քոչարյանը պատասխանեց՝ ոչ, միայն դա։

Iravaban.net-ը խոսել է նաև նոր թեկնածուի՝ ԵՊՀ Քրեական իրավունքի ամբիոն վարիչ, պրոֆեսոր Աննա Մարգարյանի հետ։ Թեկնածուների ցուցակում այսպիսի փոփոխության վերաբերյալ Մարգարյանը նշեց հետևյալը․ «Անկեղծ ասած, պատճառը ես էլ չգիտեմ, ուղղակի նշել են, որ փոփոխություն պետք է լինի ցուցակում, և քանի որ հերթականությամբ հաջորդն իմն էր, պարզապես իմ անունն է փոխարինվել։ Եթե չեմ սխալվում, մի հոգի այլ աշխատանքի անցնելու հետ կապված պետք է ցուցակից դուրս գա»։

Նա հավելեց, որ այն սկզբունքները, որոնք որդեգրել է ՄԻԵԴ-ը, դրանց այժմ էլ ծանոթ է,  այդ ուղղությամբ գործունեությունն այսօր էլ իրականացվում է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել