Գործադիրը փոփոխություններ է առաջարկում Քաղաքացիական եւ Վարչական դատավարության օրենսգրքերում

Գործադիրը փոփոխություններ է առաջարկում Քաղաքացիական եւ Վարչական դատավարության օրենսգրքերում։ Այս մասին հայտնումեն Ազգային ժողովից։

Նախաձեռնության ընդունման արդյունքում լուծումներ կտրվեն Քաղաքացիական եւ Վարչական դատավարություններում գործնականում առաջացող մի շարք խնդիրների: Գործադիրը նախատեսում է նվազեցնել դատավարական գործընթացներում իրավունքի չարաշահման դեպքերը` դրանով ապահովելով ողջամիտ ժամկետներում գործերի քննությունը:

Քաղաքացիական եւ Վարչական դատավարության օրենսգրքերում փոփոխություններն ու լրացումները քննարկվել են Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` հոկտեմբերի 18-ի նիստում:

Քաղաքացիական դատավարության օրենսգրքում նախատեսվել է դատական կազմի կամ կազմում ներառված դատավորի փոփոխության դեպքում գործի քննությունը շարունակելու հնարավորություն: «Գործող կարգավորումների համաձայն` դատական կազմի կամ կազմում  ներառված դատավորներից թեկուզ մեկի փոփոխության դեպքում գործերի քննությունը պարտադիր սկսվում է սկզբից, ինչը հանգեցնում է նախկինում իրականացված բոլոր դատավարական գործողությունների կրկին կատարման, եւ այս առումով դատական գործընթացի տեւողությունը շատ  երկարում է»,- ընդգծել է ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարող, փոխնախարար Արմենուհի Հարությունյանը:

Քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսվում է կողմերին ինքնաբացարկի հիմքերը գրավոր ընթացակարգով պարզաբանելու կառուցակարգ: Նշվել է, որ ներկայումս դատական նիստի ընթացքում դատարանը կարող է կողմերին բացահայտել ինքնաբացարկի հիմքերը եւ առաջարկել իր բացակայությամբ քննարկել ինքնաբացարկի անտեսման հարցը: Սակայն, ըստ զեկուցողի,  դատավարական գործընթացը մտնում է փակուղի, երբ կողմերը չեն ներկայանում դատական նիստին: «Նման իրավիճակը հաղթահարելու համար առաջարկում ենք սահմանել, որ ինքնաբացարկի հիմքերը բացահայտելու անհրաժեշտության դեպքում դատարանը պարտավոր կլինի դատական նիստի ծանուցագրում նշել, որ նման հիմքեր կան եւ դա քննարկելու անհրաժեշտություն է լինելու նիստի ընթացքում: Եվ եթե կողմերը, ծանուցված լինելով այդ մասին, չներկայանան դատական նիստին կամ չներկայացնեն դատական նիստը հետաձգելու մասին հիմնավորված միջնորդություն, ապա դատարանը հնարավորություն կունենա ինքնաբացարկի հիմքերը կողմերին բացահայտել գրավոր եղանակով»,- մանրամասնել է փոխնախարարը:

Նախաձեռնությամբ առաջարկվում է սահմանել դատական նիստից դուրս դատական տուգանք կիրառելու հնարավորություն: Այս կառուցակարգը դատարաններին թույլ կտա առանց դատական նիստի նշանակման քննարկել եւ լուծել դատական տուգանքի կիրառման հարցը:

Նախագծերով նախատեսվում է պատժամիջոցի նոր տեսակ` իրավունքի իրականացման սահմանափակում, ինչպես նաեւ` իրավունքի իրականացման սահմանափակման ենթարկված անձի կամ նրա ներկայացուցչի միջնորդությամբ իրավունքի վերականգնման հնարավորություն: Արմենուհի Հարությունյանի տեղեկացմամբ պատժամիջոցի վերոնշյալ տեսակը նախատեսված է նաեւ Քրեական դատավարության օրենսգրքով:

Հանձնաժողովը նախաձեռնությանը տվել է դրական եզրակացություն` առաջինից երկրորդ ընթերցում դատավորների մասնակցությամբ աշխատանքային քննարկումներ կազմակերպելու պայմանով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել