Դադարեցվել են Գևորգ Բալյանի լիազորությունները՝ պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ

Բարձրագույն դատական խորհուրդը հոկտեմբերի 17-ին որոշում է ընդունել, որով դադարեցվել են Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գևորգ Հարությունի Բալյանի լիազորությունները՝ պաշտոնավարման տարիքը լրանալու հիմքով։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Բալյանը 2001 թվականից է աշխատում դատավորի պաշտոնում, իսկ 2008-ից Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է։

2023-ին Բարձրագույն դատական խորհուրդը քննելով Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը՝ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գևորգ Բալյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշել էր բավարարել այն և դատավոր Գևորգ Բալյանին հայտարարել նկատողություն։

Դատավորը թույլ էր տվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, մասնավորապես, վճռով հաստատել էր դիմողների կողմից երեխայի որդեգրման փաստը՝ անտեսելով այն հանգամանքը, որ դիմողները, հաշվառված չլինելով որպես որդեգրել ցանկացող անձինք, չեն ունեցել երեխա որդեգրելու իրավունք, իսկ երեխան, ներառված չլինելով որդեգրման ենթակա երեխաների ցուցակում, չի հանդիսացել որդեգրման ենթակա երեխա։ Բացի այդ, դատավորը որդեգրման վճիռը կայացրել է երեխա որդեգրելու համար անհրաժեշտ օրենսդրական հիմքերի բացակայությամբ։

«Հիմք ընդունելով Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գևորգ Հարությունի Բալյանի 65 տարին 2024 թվականի հոկտեմբերի 18-ին լրանալու հանգամանքը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 8-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 160-րդ հոդվածի 3-րդ մասով և 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է՝

1. Պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ՝ 2024 թվականի հոկտեմբերի 18-ից Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գևորգ Հարությունի Բալյանի լիազորությունները համարել դադարած»,-նշում է որոշման մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել