Դանակով 10 անգամ հարվածել և սպանել է 34-ամյա տղամարդուն, ապա հարձակվել վերջինիս եղբոր վրա․ ՔԿ

Բացահայտվել է Արարատի մարզի 34–ամյա բնակչի սպանության, վերջինիս եղբոր նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքը։

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

2024 թ հոկտեմբերի 16-ին հաղորդում է ստացվել` Վեդի համայնքի Նոր Ուղի բնակավայրի 34-ամյա բնակչի սպանության վերաբերյալ։

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Արարատի մարզի Նոր Ուղի բնակավայրի 46-ամյա բնակիչը, նույն օրը կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ վրեժխնդիր լինելու նպատակով, հետևել է 34-ամյա համագյուղացուն՝ դարանակալել, այնուհետև նրա հետևից մտել նշված բնակավայրի Թումանյան փողոցում գտնվող տան բակ։

Գտնելով ալկոհոլի ազդեցության տակ, համագյուղացուն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, 46-ամյա տղամարդը մոտեցել է նրան և նախապես իր հետ վերցրած դանակով մոտ 10 անգամ հարվածել է վերջինիս մարմնի տարբեր մասերին, այդ թվում՝ կենսական կարևոր օրգանների՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:

Տուժողի եղբայրը, նկատելով 46-ամյա տղամարդու հանցավոր գործողությունները, վազելով մոտեցել է նրան, որից հետո վերջինս, ապօրինաբար նաև 34-ամյա տղամարդու եղբորը կյանքից զրկելու դիտավորությամբ, հարձակվել է նրա վրա և դանակով հարվածել վերջինիս ուսին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Շարունակելով իր հանցավոր մտադրությունը՝ 46-ամյա տղամարդը փորձել է նաև երկրորդ անգամ հարվածել տուժողի եղբորը, սակայն վերջինիս հաջողվել է մի կողմ հրել տղամարդուն և դիմել փախուստի, որից հետո 46–ամյա տղամարդը, սպանության սպառնալիքներ հնչեցնելով, վազել է նրա հետևից։ Լսելով սպառնալիքները՝ հարևանությամբ բնակվող անձինք դուրս են եկել փողոց, որից հետո 46–ամյա տղամարդը անհետացել է՝ չկարողանալով ավարտին հասցնել հանցագործությունը։

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, 46–ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ենթադրյալ հանցագործության գործիք հանդիսացող դանակը, որի վրա առկա են եղել արնանման հետքեր։ Հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են դիակի դատաբժշկական և դատաբժշկական փորձաքննություններ։

46-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 44-155-րդ հոդվածի 1-ին մասով։ 

Նախաքննությունը շարունակվում է։    

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութը՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել