ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանն այսօր՝ հոկտեմբերի 15-ին, խորհրդարանական լսումների ժամանակ ասաց, որ Հայաստանում օրը միջինում 1 զոհ է լինում, ինչը մտահոգիչ թիվ է մեր բնակչության համար, նա հետևյալ հարցերն ուղղեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանին։
Ասաց՝ ի՞նչ հայեցակարգ կամ ծրագիր կա, որ Հայաստանում երթևեկությունը կկարգավորվի, ու նույնիսկ Վրաստանի համեմատ մեզ մոտ երթևեկությունը նորմալ չի, «աննորմալ ա»։
«Արդյո՞ք Դուք ուսումնասիրել եք Երևանի երթևեկությունը, հաշվել եք՝ քանի պարապ քշող կա օրվա ընթացքում, որովհետև, օրինակ, երեկ ես մի դիտարկում արեցի, երբ անձրև էր եկել ու պարապ քշողները դուրս չէին եկել քշելու, բավականին նորմալ վիճակ էր, հիմա Դուք ուսումնասիրո՞ւմ եք՝ քանի պարապ մեքենա կա ամբողջ օրվա ընթացքում Երևանում պտտվող»։
Նա հարցրեց՝ արդյո՞ք կան հոգեբանների և հոգեբուժների հետ համագործակցություն, որ քննության ենթարկեն հատկապես ժողովրդի հետ շփվող ոստիկանների հոգեկան առողջությունը․ «Հաճախ կիրառվում է անհամաչափ ուժ և այդ ժամանակ ես նայում եմ ոստիկաններին, և տեսնում եմ, որ նրանք ուղղակի հաճույք են ստանում, երբ ընկած մարդուն քացիներով են խփում, ձեռքով, արմունկով»։
Պատգամավորն ասաց, որ հաճախ տաքսիստները բողոքում են, որ եթե համապատասխան իրավապահ մարմինները մի քանի օր տաքսի վարեն, մեծ քանակությամբ թմրամոլների և հողը փորողների կհայտնաբերեն, ըստ այդմ՝ հարցրեց՝ այս մասին մտածել են, թե ոչ։
Վահե Ղազարյանը վերջին հարցին ի պատասխան ասաց, որ շատ դեպքերում թիրախավորում են տաքսու վարորդներին, կարողանում են վիզուալ կերպով հասկանալ՝ որ տրանսպորտային միջոցից հնարավոր կլինի պահել թմրանյութ։ Նշեց, որ վերջերս 12 ուժեղացված ծառայությունների ընթացքում հայտնաբերվել են 3 մարտական ատրճանակներ, մեծ քանակությամբ սառը զենք, նաև թմրանյութ։
«ՃՏՊ-ներ հետ կապված կիսում եմ Ձեր միտքը, մենք փոփոխություններ կատարելով կունենանք ճանապարհային երթևեկության նոր պատկեր, այսինքն՝ կմ/ժամ արագությամբ, որ ֆիքսվի, մենք միանշանակ մեծ փոփոխություններ կունենանք»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։