Արմեն Խանդիկյանին, Բարսեղ Թումանյանին, Լևոն Թոքմաջյանին և Հենրիկ Էդոյանին շնորհվել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում

Գլխադասային մշակութային կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել մի շարք գործիչների Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու նախաձեռնությանը:

Պատվավոր քաղաքացու կոչում է շնորհվել Արմեն Խանդիկյանին:

Արմեն Խանդիկյանը ծնվել է 1946 թվականին Բեյրութում։ 1947 թվականին հայրենդարձել է։ 1965-1970 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժնում։ 1968 թվականին ընդունվել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն` որպես դերասան։ 1971 թվականին բեմադրել է առաջին ներկայացումը` Ժ. Անույի «Ուղևորն առանց ծանրոցի»։ 1986-1989 թվականներին եղել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսորը, 1989 թվականից մինչ օրս թատրոնի գեղարվեստական ղեկավարն է։

1992 թվականին Արմեն Խանդիկյանն առաջին անգամ հայ թատրոն է բերել «Հուլիոս Կեսար» ողբերգության բեմադրությունը, որն արժանացել է ՀՀ Պետական մրցանակի:

1996 թվականին թատրոնի խաղացանկը համալրեց «Ռոմեո և Ջուլիետ» ողբերգությունը` Արմեն Խանդիկյանի բեմադրությամբ: 2004 թվականին Արմեն Խանդիկյանը բեմադրել է «Մակբեթ» ողբերգությունը, որով թատրոնը մասնակցել է Լեհաստանում և Հունգարիայում կայացած շեքսպիրյան փառատոներին:

Արմեն Խանդիկյանը 5 տասնյակից ավելի բեմադրությունների հեղինակ է:

90-ական թվականներին Արմեն Խանդիկյանն արժանացել է ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործչի, 2005 թվականին՝ ՀՀ ժողովրդական արտիստի կոչումների, 2011 թվականին՝ Պետական մրցանակի, պարգևատրվել է Մովսես Խորենացի մեդալով և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

Պատվավոր քաղաքացու կոչում է շնորհվել նաև օպերային երգիչ Բարսեղ Թումանյանին:

Բարսեղ Թումանյանը ծնվել է 1958 թվականին Երևանում։ Սովորել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի երգեցողության բաժնում։ 1982-1983 թվականներին երգել է Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնում։ 1985 թվականին ուսումը շարունակել է Մոսկվայի կոնսերվատորիայում։ 1980 թվականից եղել է Երևանի Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի մեներգիչ, այնուհետև՝ Ռուսաստանի զինված ուժերի Ալեքսանդրովի անվան անսամբլի մենակատար։

1990 թվականին ելույթ է ունեցել Լոնդոնի «Վիգմոր» դահլիճում, որը նրան մեծ հռչակ է բերել։ 1990-ականների սկզբներին ելույթներ է ունեցել եվրոպական քաղաքներում, Ավստրալիայում, որտեղ արժանացել է Հատուկ մրցանակի՝ «Ֆաուստ» օպերային ներկայացման մեջ Մեֆիստոֆելի դերի համար։ 2002-2005 թվականներին մենահամերգներով հանդես է եկել ԱՄՆ-ի, Ավստրիայի, Կանադայի, Գերմանիայի, Չինաստանի, Ճապոնիայի բազմաթիվ քաղաքներում։

Ընտրվել է Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի փոխնախագահ։ 2000 թվականից Բարձր արվեստի համաժողովի հայկական մասնաճյուղի նախագահն է։

2014 թվականից Բարսեղ Թումանյանը Աստանայի օպերային թատրոնի առաջատար մեներգիչ է։

Հանդես է եկել Քովենթ Գարդենում, Կոլոն թատրոնում, Լոս Անջելեսի, Վաշինգտոնի օպերային թատրոններում, Մետրոպոլիտեն օպերայում, Վիկտորիայի օպերային թատրոնում, Սիդնեյի օպերային թատրոնում, Մյունխենի պետական օպերային թատրոնում, Կոնսերտգեբաուում (Ամստերդամ), Վիեննայի պետական օպերայում, Բաստիլի օպերայում, Մարսելի օպերայում, Փարիզի բերսի համալիրում, Լիոնի ազգային օպերայում և այլ հռչակավոր օպերային և ֆիլհարմոնիկ բեմահարթակներում։
Վարպետության դասեր է անցկացնում աշխարհի տարբեր համալսարաններում և կոնսերվատորիաներում՝ Մարսել, Տորոնտո, Մոնրեալ, Վայմար, Կիցբյուել, Բեռլին, Շիյան, Թեհրան։ Աստանայի ազգային համալսարան պրոֆեսոր է։
2018 թվականին ամերիկյան Գլենդել քաղաքում մասնակցել է «Բարսեղ Թումանյան և ընկերներ» գալա համերգին։ Ղազախստանի արվեստների ազգային համալսարանի պրոֆեսոր է:

Բարսեղ Թումանյանը 1982-ին արժանացել է Հոլանդիայի Հերտոգենբոլս քաղաքի պատվավոր մրցանակի: 1983-ից Միլան քաղաքի պատվավոր քաղաքացի է: 2005-ից՝ ԱՄՆ Գլենդել քաղաքի պատվավոր քաղաքացի: 1986 թվականին ստացել է Չայկովսկու անվան մոսկովյան միջազգային մրցույթի 2-րդ մրցանակ: 2006-ին արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչման, 2013 թվականին՝ ՀՀ ԱԺ պատվավոր մեդալի:

Հայ քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ Լևոն Թոքմաջյանին ևս շնորհվեց պատվավոր քաղաքացու կոչում:

Լևոն Թոքմաջյանը ծնվել է 1937 թվականին Երևանում:

1952-1957 թվականներին սովորել է Երևանի Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։

1957-1963 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։

1963-1975 թվականներին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։

Երգել է Հայաստանի պետական երգչախմբում։

1969 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է, Եվրասիական գեղարվեստի ակադեմիայի անդամ (1998, Բիշքեկ), 2008 թվականից՝ Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարանի գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի դասախոս, պրոֆեսոր։

Եվրասիական միջմայրցամաքային, միջազգային գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, ակադեմիկոս է։

2010 թվականին արժանացել է Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացու կոչմանը՝ Էջմիածնում կատարած գործերի և վաստակի համար, և «Թեքեյան» ամենամյա մրցանակի։

Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհվեց հայ բանաստեղծ, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Էդոյանին:

Հենրիկ Էդոյանը ծնվել է 1940 թվականին Երևանում։ 1957 թվականին ավարտել է Երևանի թիվ 39 միջնակարգ դպրոցը։ 1959-1962 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1967 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը, 1970 թվականին՝ ԽՍՀՄ ԳԱ Մոսկվայի Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի ասպիրանտուրան (գրականության տեսության գծով)։ 1971 թվականից աշխատում է ԵՊՀ-ում որպես գիտաշխատող, 1973 թվականից՝ դասախոս։

1974 թվականին «Ռեալիզմի հարցերը 20-րդ դարի հայ քննադատության և գեղագիտության մեջ» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան, 1990 թվականին՝ դոցենտի աստիճան, 1991 թվականին՝ պրոֆեսորի կոչում։ 1986-2008 թվականներին եղել է ԵՊՀ արտասահմանյան գրականության և գրականության տեսության ամբիոնի վարիչ։

Մասնակցել է միջազգային մի շարք գիտաժողովների, դասախոսություններ կարդացել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում։ 1995-1996 թվականներին դասավանդել է Բեյրութի Հայագիտական հիմնարկությունում և Հայկազյան համալսարանում։

Տարվա լավագույն գրքի համար 2002 թվականին արժանացել է ՀԳՄ ոսկե մեդալի, արժանացել է Թեքեյան մշակութային միության «Հայկաշեն Ուզունյան» մրցանակով:

2010 թվականին արժանացել է Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի կոչման:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել