Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 12-ից Դավիթ Անհաղթի- Ուլնեցու փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
«Մասնավորապես՝ Դավիթ Անհաղթի փողոցում՝ Կոմիտասի պողոտայից եկող ուղղությամբ տեղադրված ձախ լրացուցիչ սեկցիան կապամոնտաժվի:
Ուլնեցու փողոցում՝ Բաբայան փողոցից եկող ուղղությամբ նախկին «ուղիղ և աջ», «ուղիղ և ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն աջ», «ուղիղ և ձախ» ուղղություններով: Ինչպես նաև կտեղադրվի աջ լրացուցիչ սեկցիա, որը կգործի ավտոմատ կարգավորումով:
Բացի այդ, Ուլնեցու փողոցում՝ Հրաչյա Ներսիսյան փողոցից եկող ուղղությամբ նախկին «ուղիղ և աջ», «ուղիղ և ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն աջ», «ուղիղ և ձախ» ուղղություններով: Կտեղադրվի աջ լրացուցիչ սեկցիա, որը կգործի ավտոմատ կարգավորումով:
Նշված խաչմերուկում կկատարվի համապատասխան գծանշում և կտեղադրվեն ճանապարհային նշաններ»: