Դավիթ Կ-ն մեղադրվում է մեկ այլ անձի հարվածներ հասցնելու, այնուհետև իր հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնված Գոհար Վ․-ին բռնի ուժով անհայտ ուղղությամբ տանելու համար։
Iravaban.net–ը այս մասին տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական հարթակից։
Գործը դատաարան է ստացվել ապրիլի 5-ն և մակագրվել դատավոր Հակոբ Մանուկյանին։
Դավիթ Կ․-ն, 2024 թվականի փետրվարի 22-ին տեղեկանալով, որ իր հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնված Գոհար Վ.-ն գտնվում է Սերգեյ Գ․-ի՝ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրում գտնվող բնակարանում, իրեն պատկանող «Օպել» մակնիշի ավտոմեքենայով գնացել է հիշյալ հասցե, որտեղ Սերգեյ Գ․-ի տան դռանը ուժգին հարվածներ հասցնելով պահանջել է դուռը բացել։
Դռան բացվելուց հետո Դավիթ Կ․-ն բռունցքներով հարվածներ հասցնելով Սերգեյ Գ․-ի դեմքին՝ նրան գցել է գետնին, ապա շարունակել է հարվածներ հասցնել վերջինիս մարմնի տարբեր մասերին։
Այդ ընթացքում վիճաբանությանը միջամտել է Գոհար Վ․-ն, որի ընթացքում Դավիթ Կ.-ն հարվածներ է հասցրել վերջինիս դեմքին, ինչից հետո քաշելով կնոջ մազերից և հագուստից՝ նրա կամքին հակառակ նստեցրել է հիշյալ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի հետևի նստատեղին, որից հետո ավտոմեքենան վարել է դեպքի Արմավիրի մարզի Պտղունք բնակավայրի դաշտերի ուղղությամբ։
Այդ ընթացքում Դավիթ Կ․-ն շարունակել է հարվածներ հասցնել Գոհար Վ.-ի գլխին, իսկ կինը, այլ ելք չունենալով, երթևեկելու ժամանակ բացելով հիշյալ ավտոմեքենայի դուռը՝ իրեն գցել է դուրս, իսկ Դավիթ Կ.-ն անմիջապես արգելակել է ավտոմեքենան և Գոհար Վ.-ին գետնի վրա քարշ տալով վերստին նստեցրել է նշված ավտոմեքենան և տարել է իր՝ Արմավիրի մարզի Պտղունք բնակավայր այդ կերպ առևանգելով հիշյալ կնոջը:
Այդ ընթացքում Սերգեյ Գ․-ի՝ ոստիկանություն ահազանգելու և դեպքի մասին հայտնելու արդյունքում Դավիթ Կ․-ի վերը նշված հասցե են ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի աշխատակիցները և հիշյալ հասցեում հայտնաբերելով նրան ձերբակալել են:
Նախնական դատալսումների ընթացքում մեղադրյալը միջնորդել է կիրառել արագացված վարույթ, որը բավարարվել է։
Դատարանը վճռել է մեղադրյալի նկատմամբ պատիժ նշանակել ազատության սահմանափակում` 1 տարի ժամկետով, ազատազրկում՝ 1 տարի 7 ամիս 26 օր ժամկետով և տուգանք՝ 375.000 ՀՀ դրամի չափով։
Մայիսի 13-ին գործը ստացվել է Վերաքննիչ դատարան և մակագրվել դատավոր Գրիգոր Հովհաննիսյանին։ Ներկայացրած հատուկ վերանայման բողոքը մերժվել է։