Տղամարդը մտրակով հարվածներ է հասցրել կնոջը, պատճառել մարմնական վնասվածքներ

Արմեն Հ․-ին մեղադրանք է առաջադրվել կնոջը մտրակով հարվածելու և մարմնական վնասվածքներ պատճառելու համար։

Iravaban.netը այս մասին տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական հարթակից։

Տղամարդը, 2023 թվականի նոյեմբերի 10-ին, ժամը 13:00-ի սահմաններում, Լոռու մարզի Տաշիր համայնքի իր տանը վիճաբանել է իր կնոջ՝ Լուսինե Մ․-ի հետ, ինչի ընթացքում ձեռքում եղած մտրակով մի քանի անգամ հարվածներ է հասցրել վերջինիս կրծքավանդակին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Գործը դատարան է ստացվել այս տարվա օգոստոսի 15-ին և մակագրվել դատավոր Վարդան Սուղյանին։

Որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը։

Արմեն Հ․-ն առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, տվել խոստովանական ցուցմունքներ, զղջացել է կատարածի համար, ամուսնացած է, խնամքին ունի չորս անչափահաս երեխաներ, մեղադրյալը և տուժողը հաշտվել են միմյանց հետ, ներկայումս որպես ամուսիններ բնակվում են համատեղ և միասին հոգում են ընտանիքի և երեխաների կարիքները։

Ընտանիքը գտնվում է նյութական ծանր պայմաններում, տուժողը ամբաստանյալից որևէ բողոք կամ գույքային պահանջ չունի, նա խնդրել էր, որպեսզի Արմեն Հ․-ի նկատմամբ հնարավոր նշանակվելիք ազատությունից զրկելու հետ կապված պատիժը պայմանականորեն չկիրառվեր, քանի որ նրա հնարավոր ազատությունից զրկելու դեպքում զրկանքներ կկրեին նաև ինքն ու երեխաները։

Դատարանը վճռել է Արմեն Հ․-ին մեղավոր ճանաչել հանցանքի կատարման մեջ և նրա նկատմամբ պատիժ նշանակել կարճաժամկետ ազատազրկում՝ 1 ամիս ժամկետով:

Կարճաժամկետ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ սահմանելով փորձաշրջան 1 տարի ժամկետով՝ ամբաստանյալի վարքագծի նկատմամբ վերահսկողությունը դնելով ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության համապատասխան բաժնի վրա՝ ըստ բնակության վայրի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել