Դահլիճը, որտեղ «դատում են դատավորների» պետք է լինի դատական բարձունքին արժանի․ Կարեն Անդրեասյան

Այս դահլիճում են դատում դատավորների աշխատանքը: Այս մասին գրառում է կատարել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը՝ հրապարակելով այն դահլիճի լուսանկարները, որտեղ խորհուրդը քննարկում է դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցերը։

««Հրապարակ»-ը գրել է, որ «հերթական «միլիոնները» ծախսվեցին քաղաքացիների գրպանից» ու որ «24 միլիոնով ԲԴԽ-ի մի դահլիճ են վերանորոգել:»

Այս ահավոր «թալանի» վերաբերյալ մի քանի միտք.

1. Այն դահլիճը, որտեղ «դատում են դատավորների» պետք է լինի դատական բարձունքին արժանի, ինչպես բոլոր առաջադեմ երկրներում է, որտեղ նման բարձր ատյանների դահլիճները թանգարաններ են հիշեցնում: Խնդրում եմ չասել, որ նախ դատական համակարգը պետք է արդար լինի, նոր արժանանա նման միջավայրի: Գրեթե բոլոր զարգացած երկրներում եղել է հակառակ ուղին: Նախ հանրությունն է գիտակցել դատարանի վեհությունը, հետո է դատավորը վեհ դարձել:

2. Հայաստանի դատական համակարգը պետք է այս դահլիճի պես վերափոխվի: Դահլիճը պատրաստ է ամբողջությամբ, դատական համակարգը 50-60 տոկոսով: Ներքին շատ պրոցեսներ են արդեն փոխվել: Արդյունքները մարդիկ կզգան մի քանի տարվա մեջ, եթե իհարկե ամեն ինչ նորից հետ չգլորվի հին ճահիճը:

3. 2024-ին բացի այս դահլիճից վերանորոգվում են 30 դատարանների շենքեր և ծախսվում է մոտ 400 միլիոն դրամ: Այդ գումարը դատական իշխանության խնայողությունների հաշվին է: Բյուջեից ոչ մի դրամ ավել գումար չենք ստացել դրա համար: Բոլոր դատական պաշտոնյաները հրաժարվել են բազմաթիվ գործուղումներից և այլ «հաճելի» ծախսերից, որ դատարանները արժանապատիվ միջավայրում գործեն:

4. Ոմանք «քաղաքացիների գրպանից» կառուցել են իրենց վիլլաները, լավագույն դեպքում բարելավել են իրենց առանձնասենյակները կամ հարմարավետություն տվող այլ գույքերը, մենք բարելավել ենք դատարանների տասնյակ շենքեր ու երկրի համար բարձրագույն արժեք խորհրդանշող դահլիճները:

Իհարկե բարենորոգված դատական դահլիճները լիարժեք արդարությամբ լցնելու համար դեռ շատ ծանր աշխատանք կա անելու: Դա էլ հաջորդիվ:

Հ.Գ. «Հրապարակ» օրաթերթը այս ամենն ասելու համար շատ լավ լրատվական պատրվակ տվեց: Քաղաքական թոհուբոհի մեջ քչերն են մեզ օգնում իրենց մշտական հոգածությամբ: Մամուլը քչերի մեջ է»,-նշվում է հրապարակման մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել