Պոլիտեխնիկում սկսվել է Հայաստանի խոշոր հանքավայրերի հոսքաջրերի մոնիթորինգի հետազոտություն. Հայկ Ակարմազյան

«Հանքարդյունաբերությունն աշխարհում այսօր էլ ավելի մեծ կարևորություն է ստացել, որովհետև հումքի տեսակ կա, որ աշխարհում ունի ստրատեգիական նշանակություն»,-այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի քիմիական տեխնոլոգիաների, բնապահպանության և կենսագործունեության անվտանգության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, Կայուն զարգացման և բնապահպանության փորձագետ Հայկ Ակարմազյանը։

«Բժշկության, պաշտպանության, առողջապահության ոլորտի հումքը համարվում է ստրատեգիական նշանակության, ավելին՝ մատակարարման շղթայի ընդհատման ռիսկերով պայմանավորված՝ էլեկտրական մեքենաների կամ վերականգնվող էներգիայի հումքի որոշ տեսակներն այսօր կրիտիկական են համարվում։ Այդ հումքից Հայաստանը հարուստ է, օրինակ, պղնձով։ Հնարավորություն ունենք ճիշտ դիրքավորվելու և աշխարհին ներկայանալու թե՛ մեր ունեցած հանքային ռեսուրսներով, թե՛ այդ ռեսուրսները վերամշակելով, թե՛ դրանից ապրանք ստանալով և այդ ապրանքը առաջարկելով։ Նաև հնարավորություն ունենք ճիշտ ձևակերպել և հանդես գալ հետազոտական ներուժով, ինժեներական լուծումներով, ինչու ոչ՝ նաև կարող ենք առաջարկել բիզնեսում համախմբված մեր լավագույն մասնագետների ծառայությունները՝ նոր որակի հանքարդյունաբերության կուտակած փորձը և ձևավորած մշակույթը փոխանցելու մասով»,-ընդգծում է փորձագետը։

Հայկ Ակարմազյանը հավելեց՝ առկա է հնարավորություն՝ աշխատելու հումքի այն տեսակների ուղղությամբ, որոնք ԽՍՀՄ տարիներին պահանջարկ չունեին, լավ հետազոտված չէին․ «Հիմա մենք կարող ենք այդ ուղղությամբ համակողմանի գնահատում անել և այդ հումքով նույնպես բացահայտել՝ ինչ պոտենցիալ ունի մեր երկիրը, նպաստել զարգացմանը։ Այս ամենի համար շատ կարևոր է մասնագետների պատրաստումը, երիտասարդները այս ոլորտի մասնագիտություններ չեն ընտրում, մոդայիկ չէ այս ոլորտի մասնագետ դառնալը, սովորելու լավ տեղերն էլ պակասում են։ Այդ տեսանկյունից Պոլիտեխնիկում պահպանվում է ոլորտի մասնագետներ պատրաստելու դպրոցը, և արվում է առավելագույնը՝ կադրեր պատրաստելու ուղղությամբ»։

Փորձագետն ասում է՝ ունեն մի քանի նախագծեր, որոնք հույս են ներշնչում, որոնցով կարելի է դրական միտումներ արձանագրել․ «Օրինակ՝ գիտական մի խումբ ունենք, որոշ աշխատանքներ ենք տանում Հայաստանի զանգվածային արտադրության հանքային ջրերում և խոշոր հանքավայրերում՝ Կապան, Ալավերդի, Քաջարան, դրանք հոսքաջրերում՝ բաղադրության ժամանակակից մակարդակին համապատասխան մոնիթորինգ անելու ուղղությամբ, մեր ուսանողների հետ էլ աշխատում ենք մի կարևոր ուղղությամբ․ Հայաստան տարեկան մի քանի հազար էլեկտրական մեքենաներ են ներկրվում, դրանցից ամեն մեկն ունեն մինչև կես տոննա զանգվածով մարտկոցներ, որոնք էլ 10 տարի հետո շարքից դուրս կգան ու այդ կես տոննա քաշով  մարտկոցների ամբողջ սար է ՀՀ-ում գոյանալու, հիմա ուզում ենք ուսումնասիրել՝ այդ մարտկոցների անպիտան դառնալու ժամանակ ինչպե՞ս կարելի է անվտանգ լիցքաթափել, վերամշակել և դրանց հիմքում ընկած արժեքավոր տարրերը վերականգնել»։

Հարցին՝ ի՞նչ արդյունքներ են գրանցվել ոլորտում մեր նախորդ զրույցից հետո՝ Ակարմազյանը պատասխանեց, որ արդեն մեկնարկվել է ջրերի անալիզը և հիմա խումբ է աշխատում, որ ՀՀ-ում տարբեր ջրերից վերցվեն նմուշներ և դրանց արդյունքում հասկանան՝ որտեղ կան մետաղների արդյունահանման պոտենցիալը, որպեսզի դրա հիման վրա տեխնոլոգիա մշակվի և առաջարկվի բիզնեսին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել