Հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը Հայաստանի գլխավոր առաջնահերթություններից է. Արարատ Միրզոյան

Հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը Հայաստանի Հանրապետության գլխավոր առաջնահերթություններից է։ Հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մեծ քսանյակի նախարարական երկրորդ հանդիպմանը

«Շարունակական մարտահրավերները վտանգում են միջազգային խաղաղությունն և անվտանգությունը, ինչպես նաև խոչընդոտում են կայուն զարգացմանն ու մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ջանքերին։ Միջազգային հանրության պատշաճ և հստակ քայլերը՝ առաջնագծում ունենալով վերափոխված ՄԱԿ-ը, ինչպես բազմակողմանիության ամրապնդման, այնպես էլ անվտանգ, բարգավաճ և կայուն ապագայի կառուցման համար անհրաժեշտ հրամայականն են։ Այս առումով, այսօրվա քննարկումների հայեցակարգում նախանշված հիմնական առաջնահերթությունները առավել տեղին են, քան երբևէ:

Ձերդ գերազանցություններ,

Ես ներկայացնում եմ դեպի ծով ելք չունեցող, միջին եկամուտ ունեցող երկիր, որը վերջին տարիներին ստիպված է եղել դիմակայել համաշխարհային և տարածաշրջանային ճգնաժամերի հետևանքներին։ Հայաստանը մշտապես ընդգծել է հատուկ իրավիճակներում հայտնված երկրների կարիքների հասցեագրման կարևորությունը՝ գլոբալ այնպիսի միջավայրի ձևավորմանը նպաստելու միջոցով, որտեղ յուրաքանչյուր երկիր նպատակային և հարմարեցված քաղաքականության ու աջակցության միջոցով հնարավորություն կունենա կյանքի կոչել իր զարգացման ձգտումները: Այս տեսանկյունից կարևորվում է ուժեղ, ներառական և արդյունավետ ֆինանսական հաստատությունների դերը։

Գլոբալ անվտանգության, մարդասիրական, տնտեսական և բնապահպանական փխրուն իրավիճակի պայմաններում միջազգային հանրությունը պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնի հատուկ իրավիճակներում հայտնված և միջին եկամուտ ունեցող երկրների կառուցվածքային խոցելիությանը՝ նրանց համար հեշտացնելով արտոնյալ ֆինանսավորման հասանելիությունը և աջակցելով գլոբալ գործընթացներին նրանց հավասար հիմունքներով ինտեգրմանը՝ Ադիս Աբեբայի գործողությունների ծրագրում ամրագրված պարտավորություններին համապատասխան։

Շարունակվող կլիմայական ճգնաժամի հետևանքները դժվար հաղթահարելի են հատկապես լեռնային երկրների համար, ինչպիսին է, օրինակ՝ Հայաստանը։ Կլիմայի փոփոխության սպառնալիքներն ազդում են կայուն զարգացման բոլոր ասպեկտների վրա՝ պահանջելով համատեղ գործողություններ՝ հետևանքների արդյունավետ մեղմման և հարմարվողականության քաղաքականություն ապահովելու, ինչպես նաև կորուստների և վնասների նվազեցման ուղղությամբ։

Այս համատեքստում կլիմայի ֆինանսավորման բավարար, կայուն և կանխատեսելի մեխանիզմների ստեղծումը՝ տարբեր շահագրգիռ կողմերի լիարժեք մասնակցությամբ, առանցքային նշանակություն ունի «Կլիմայի փոփոխության մասին» ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայով և Փարիզի համաձայնագրով ստանձնած պարտավորությունների իրականացման համար։

Ձերդ գերազանցություններ,

Կայուն զարգացմանը հնարավոր չէ հասնել առանց տևական խաղաղության հաստատման։ Այսօր բազմաթիվ տարածաշրջաններում մենք ականատես ենք ագրեսիայի, զինված հակամարտությունների, աշխարհաքաղաքական լարվածության և անվստահության, որոնք լրջորեն խաթարում են զարգացման առաջընթացը։

Մեր տարածաշրջանը նույնպես բախվել է բազմաթիվ մարտահրավերների: Հայաստանի զարգացման նկրտումների վրա կտրուկ ազդել են լայնածավալ պատերազմի, նրա ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիաների և Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնիկ բնակչության (շուրջ 140.000) բռնի տեղահանման հետևանքները։

Չնայած վրա հասած աղետներին՝ ՀՀ կառավարությունը վճռական է տրամադրված իր հավակնոտ բարեփոխումների ծրագիրը իրականացնելու հարցում։ Այն ուղղված է ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, մարդու իրավունքների առաջմղմանը, օրենքի գերակայության և գենդերային հավասարության հաստատմանը, ինչպես նաև երիտասարդության հզորացմանը։

Հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը Հայաստանի Հանրապետության գլխավոր առաջնահերթություններից է, և մենք ջանք չենք խնայում մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար։ Մենք մշակել և ներկայացրել ենք «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը՝ որպես խաղաղության օրակարգի կարևոր մի մաս։ Այդ նախագծի առանցքային իմաստն է զարգացնել փոխկապակցվացությունը Հայաստանի և հարևան երկրների միջև։ Մենք համոզված ենք, որ Հարավային Կովկասում բոլոր տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը՝ պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա, նոր հնարավորություններ կստեղծի բեռների և քաղաքացիների տեղաշարժի համար՝ նպաստելով քաղաքական երկխոսությանը, խաղաղությանը և բարգավաճմանը տարածաշրջանում և դրանից անդին։ Մենք ապավինում ենք մեր միջազգային գործընկերների աջակցությանը՝ վերը նշված նպատակներն առաջ մղելու գործում։

Եզրափակելով՝ թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Բրազիլիային այս քննարկումը կազմակերպելու համար։ Մենք ընդունել ենք «Հանուն ապագայի դաշնագիրը», ինչը մեզ հնարավորություն է ընձեռում վերահաստատել մեր հանձնառությունը վերափոխված բազմակողմանիությանը, որն ուղղված է առաջիկա մարտահրավերներին առավել արդյունավետ կերպով արձագանքելուն և գալիք սերունդների համար ապահով, կայուն և բարգավաճ ապագա ապահովելուն»,- ասել է Միրզոյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել